5 երեխաների մայրը մտածում է, թե ինչպես է երեխաներին դպրոց ճանապարհելու

>

29-ամյա Թեհմինե Հովհաննիսյանը ամուսնու եւ 5 երեխաների հետ բնակվում է Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ գյուղում: Տնակը, որտեղ ապրում է բազմանդամ ընտանիքը, զուրկ է կոմունալ պայմաններից. «Ես հիմա մտածում եմ, թե ինչպես 4 երեխաներիս դպրոց ճանապարհեմ, շորեր ու գրենական պիտույքներ գնեմ: 55 հազար դրամ նպաստ եմ ստանում, հազիվ ծայրը ծայրին չոր հացի փող ա անում: Ինքս չեմ աշխատում, մի փոքր հող ունեմ, մի քանի բան եմ ցանել, որ օգտվեմ, ամռանը բանջարեղենին փող չտամ»,-պատմում է Թեհմինեն: Նրա խոսքով՝ ամուսինը եւս աշխատանք չունի: Ամռան այս սեզոնին 5000դրամ օրավարձով խոտհունձի աշխատանք է անում. «Այդ աշխատանքը ամեն օր չի լինում, մի քանի օր հետո խոտհունձի աշխատանքը կավարտվի: Ինչ աշխատանք էլ լինի, կանի ամուսինս, միայն թե մի աշխատատեղ լինի, որ կարողանանք 5 երեխաներիս պահել»:

Երեխաներից ամենափոքրը Անգելինան է՝ 2 տարեկան, մեծը՝ Ռոզան՝ 12 տարեկան: Տղաները՝ 7-ամյա Հարութ ու 10-ամյա Հայկը օգնում են ծնողներին ամեն հարցում՝ հողամաս մշակում, անգամ անտեսելով ամռան այս տապը օրավարձով այգիներ մշակում, որ կարողանան ապրել: Հայկը սովորում է 4-րդ դասարանում, ուզում է ոստիկան դառնալ:
«Չգիտեմ կկարողանամ բարձրագույն կրթություն ստանալ, բայց դպրոցն ավարտելուց հետո վարսավիրական կսովորեմ, մասնագիտություն ձեռք կբերեմ»,- ասաց Ռոզան, ով սովորում է 7-րդ դասարանում:

Թեհմինեն անգամ չի էլ մտածում շենքային պայմանների մասին, առաջնահերթ խնդիրը 4 երեխաներին դպրոց ճանապարհելու հարցն է, քանի որ աշխատած գումարով կարողանում են միայն սնունդ ու հաց գնել: Այս ընտանիքը օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098 56 39 05 հեռախոսահամարով՝ Թեհմինե:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X