Իմ պաշտպաններին միտումնավոր թույլ չեք տալիս ներս մտնել․ Ժիրայր Սեֆիլյան

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կարդաց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանի նամակը, որտեղ փաստաբանը նշել էր, որ չի կարող ներկայանալ այսօրվա նիստին, քանի որ այլ գործերով դատական նիստի է մասնակցում։

Նախագահող դատավորն ասաց, որ Արա Զաքարյանը չի կարող իրականացնել Սեֆիլյանի պաշտպանությունը, քանի որ երեք նիստ է՝ ինչ բացակայում է։ Դատավորը խնդրեց նիստերի դահլիճ բերել Սեֆիլյանին և նրան հարցրեց՝ արդյոք ունի այլ պաշտպան։ Սեֆիլյանն ասաց, որ դատարանը գիտի իր պաշտպանների անունները և հրաժարվեց այլ պաշտպան ունենալուց․«Դուք քաջ ծանոթ եք՝ ովքեր են իմ պաշտպանները, բայց դուք միշտ նրանց միտումնավոր թույլ եչք տալիս ներս մտնել։ Ես արգելում եմ նրանց իմ բացակայության ընթացում ներկա լինել նիստին»։

Դատարանը Սեֆիլյանին կրկին հեռացրեց նիստերի դահլիճից, որից հետո, ապակուց այս կողմ լարված իրավիճակ ստեղվեց՝ ներկա գտնվողների և կարգադրիչնեի միջև միջադեպ տեղի ունեցավ։

Այսօրվա նիստին 7 ամբաստանյալներից ներկա էր միայն Հովհաննես Պետրոսյանը, որը Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է։ Իսկ մյուսներին դատարանը հեռացրել էր դահլիճից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Մեկնաբանություն
X