Իրավունք

Սեֆիլյանի գործով նիստը կրկին տապալվեց․ տեսանյութ

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստին Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանից բացի, դատական սանկցիա կիրառվեց նաեւ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ։ Բանն այն էր, որ նիստը սկսվելուց առաջ Կարապետյանցը կրկին չկարողացավ իր պայուսակով մտնել նիստերի դահլիճ, քանի որ դատական կարգադրիչները նրանից պահանջում էին բացել պայուսակը, ինչը Կարապետյանցը համարում է խուզարկություն։ Տաթևիկ Գրիգորյանը կարգադրեց քաղաքացիներին հատկացված նստարաններին նստած Կարապետյանցին զբաղեցնել այն հատվածում, որը նախատեսված է դատավարության կողմերի համար:

Փաստաբանը գնաց դատավարության մասնակիցների համար նախատեսված հատվածը եւ հայտնեց, որ իր ներկայությունն այդտեղ անօրինակ է, քանի որ ինքը նիստերի դահլիճ մտնել է որպես քաղաքացի․ «Այս հատվածում կարող են գտնվել միայն պաշտպանները: Իմ աշխատանքային բոլոր գործիքները՝ պայուսակ, փաստաթղթեր, գրիչ, թողել եմ մեքենայի մեջ և չեմ կարող այստեղ առանց դրանց արդյունավետ պաշտպանություն իրականացնել»։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հարցրեց, թե եթե այդ իրերով է գալիս, արգելո՞ւմ են մուտք գործել դատարան, Կարապետյանցը պատասխանեց, որ դատական կարգադրիչները պահանջում են բացել պայուսակը և զննել մեջը: Իսկ դա, ըստ Կարապետյանցի, խուզարկություն է:

Դատարանը հորդորեց փաստաբանին չլքել դատակա նիստերի դահլիճը, սակայն, Կարապետյանցը հեռացավ։ Տաթեւիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակացական սենյակ եւ վերադառնալուն պես հայտարարեց, որ սանկցիա է կիրառում Նինա Կարապետյանցի նկատմամբ։Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 11-ին։

Նշենք, որ այսօրվա նիստին 7 ամբաստանյալներից ներկա էր միայն Հովհաննես Պետրոսյանը, որը Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է։ Իսկ մյուսներին դատարանը հեռացրել էր դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X