Խնդիրը պետք է լուծվի անտառի օգտին․ արձագանքում են բնապահպանները

Տավուշի մարզի Հաղարծին համայնքի, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչները շարունակում են փակած պահել միջպետական ճանապարհը։ Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, բնակիչները պահանջում են թույլատրել օգտվել մոտակա անտառներից, քանի որ փայտի գործը միակ ապրուստի միջոցն է։ Hraparak.am-ն այս թեմայով զրուցել է բնապահպանների հետ։

Գյուղացիները ճիշտ չեն. Սիլվա Ադամյան

«Ես չեմ գտնում, որ գյուղացիները ճիշտ են, որոշել են, որ պետք է մտնեն անտառ, իրենց ինչքան փայտ պետք է կտրեն տանեն, դա ճիշտ մոտեցում չէ»․- նշում է Էկոլոգիական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը, ում խոսքերով՝ այստեղ այլ քաղաքականություն պետք է վարել։

«Ես մտածում եմ, որ երևի պետք է անտառների հետ այլ քաղաքականություն վարվի, այսինքն՝ թույլ պիտի տրվի սանիտարական հատումների ժամանակ այդ ամբողջ փայտանյութը տրվի համայնքին, մասնավորապես գյուղացիներին, այլ ոչ թե գյուղացին մտնի անտառ ու անկապ սկսի անտառը հատել, դա ճիշտ չի։ Ասյինքն՝ լուրջ մոտեցում է պետք, էլի այդ մոտեցումը մենք չունենք։ Համայնքապետարանում, տարբեր կառույցներում պատասխանատու են ծառահատումների համար, իրենք պետք է այդ հարցը կարգավորեն, առանց այդ հարցը կարգավորելու խնդիրը չի լուծվի»․- ասաց բնապահպանը։ Սիլվա Ադամյանը համոզված է, որ Հայաստանն այսօր իրոք անտառահատման մեծ խնդիր ունի, ինչ մնում է բնակիչների սոցիալական խնդիրներին․ «Խնդիրը նաև այնպես է դրված, որ գյուղացին ուղղակի ի վիճակի չի այն գինը որ դրված է և՛ էլեկտրաէներգիայի, և՛ գազի համար վճարել։ Պետք է կարգավորվեն այդ խնդիրները, որ մարդիկ էլ չմտնեն անտառ և հատեն այդ ծառերը»։

Բնակչությունը պետք է գիտակցի․ Հակոբ Սանասարյան

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ևս համարում է, որ տվյալ դեպքում խնդիրը պետք է լուծվի անտառի օգտին․ «Եթե այդ ճանապարհով մենք գնանք, որ ասենք՝ մարդկանցից շատ հարկ են վերցնում, փոքր առևտուր է, բիզնեսը ոչնչացնում են և մարդկանց մղում են այդպիսի պատահականությունների, դա պետական հանցագործություն է մի կողմից, բայց բնակչությունն էլ պետք է գիտակցի, եթե իրենց մոտ թույլ տվեցին, որ մարդիկ իրենց օրվա հացը ապահովեն անտառով, ընդհանրապես մի քանի տարիներ հետո մենք անտառ չենք ունենա»։ Պարոն Սանասարյան, մի կողմից էլ պետությունը երկար տարիներ բարձիթողի վիճակում է թողել ոլորտը, կարելի է ասել մարդկանց «սովորեցրել են»․ «Գիտեք ինչ կա, հանցագործները, որոնք պետական պաշտոնյաներ են և նրանց բարեկամներն ու կարող եմ ասել բիզնեսի ընկերները, միշտ էլ ասենք գյուղացիներին օգտագործել են որպես բանվորական ուժ անտառահատման գործում և գումար են տվել։ Իրենք ոչ թե թույլ են տվել, որ գնան անտառը հատեն բերեն ապրեն, այդպիսի բան ես չեմ հավատում, քանի որ անտառում շատ հստակ է։ Պահապանները, պետերը բոլորը շատ լավ գիտեն ով է հատում, այստեղ ուրիշ խնդիր է, բացարձակ այլ։ Ես գտնում եմ, որ պետությունը պետք է մտածի նրանց սոցիալական հարցն այլ կերպ լուծելու, դա հանցագործ ճանապարհ է, որ մարդկանց թույլ տան, իրենց մոտի ռեսուրսները ոչնչացնել»․- պատասխանեց Հակոբ Սանասարյանը, օրինակ բերելով Սևանա լճում իշխան ձկան ոչնչացումը։

«Նույն հանցագործ ճանապարհով պետությունը բնակչության սոցիալականի մասին մտածելով ասաց՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, նրանք էլ ձկների մայրացուներին կերան, և այսօր ընդհանրապես այն հզոր պահեստարանը, որ ունեինք, մեռավ, մնացել են փշրանքները։ Նույնն էլ անտառին կարելի է ասել։ Ընդհանրապես, ես կարծում եմ այդ գյուղացիներն իրենց հոգու խորքում հասկանում են, որ իրենք պետությունից այլ բան պետք է պահանջեն՝ իրենց համար աշխատատեղեր ստեղծեն, իրենց համար արտոնություններ տրվեն՝ էլեկտրաէներգիայի, ջրի օգտագործման և այլն, բայց ոչ անտառի հատում։ Անտառից նրանք կարող են վերցնել չորուկները, թափած ծառերը»․- եզրափակեց Հակոբ Սանասարյանը։

Տեղեկացնենք նաև, որ հաղարծինցիները հայտարարել են՝ չեն բացելու ճանապարհը, մինչև իրենց խնդրին լուծում չտրվի և վարչապետը չհանդիպի իրենց հետ։

Սիրան Հունանյան

Մեկնաբանություն
X