Մաքրում են, մաքրում, բայց էլի քաղաքն աղբի մեջ կորած է (ֆոտո)

>

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանականերում շարունակվում է շաբաթօրյակներ կազմակերպել Հայաստանի համայնքներում: Ամիսներ առաջ աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք: Քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի են, որը մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքն է:

Ըստ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի հանձնարարությամբ համայնքի ողջ տարածքով կազմակերպվեց սանիտարական մաքրման աշխատանքներ, ինչն իրականացվեց պատշաճ մակարդակով: Սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվեցին համայնքի ենթակայությամբ գործող բոլոր հիմնարկ ձեռնարկությունների համապատասխան մեքենա-մեխանիզմներով, գործիքներով և անհրաժեշտ այլ միջոցներով: Համակարգված տարածքների աղբահանության և սանմաքրման աշխատանքներին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ: Կայքում տեղադրված լուսանկարներն էլ վկայությունն են այն բանի, որ Հրազդան քաղաքում միակ բանը, որ շատ կա, աղբն է:

Ճիշտ է՝ Հրազդան քաղաքում իրականացվում են աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները: Օրինակ՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում դեպի գործարաններ տանող ճանապարհը վերջապես մաքրվեց, որը տարիներ շարունակ լի էր ե՛ւ աղբով, ե՛ւ մեքենաների ջարդոններով: Բայց երբեմն էլ սանիտարական մաքրման աշխատանքները ձեւական բնույթ են կրում: Քաղաքապետարանի որոշ բաժնի պետերը կարող են ձեւական ձեռքները մի ավել բռնել, սելֆի անել եւ համացանցում հրապարակել, թե տեսեք-տեսեք շաբաթօրյակ ենք անում, այնինչ քաղաքի որոշ բազմաբնակարան շենքերի մոտ աղբի կուտակումները, այն էլ այս շոգ օրերին, գարշահոտություն են տարածում շրջապատում: Աղբի այդպիսի կուտակումները անբարեխիղճ բնակիչների «թեթեւ» ձեռքով է լինում, երբ ալարում են 2 քայլ անել՝ հասնելով աղբարկղին: Աղբակույտեր կան ոչ միայն շենքերի, եւ ավտոտնակների հատվածներում, մի հսկա աղբավայր էլ կա Հրազդանի վարչական տարածքում՝ դեպի Զովաբեր գնացող ճանապարհին: Ի դեպ, հենց այդ հատվածում էլ գտնվում է քաղաքապետ Արամ Դանիելյանի պատկանող գազալցակայանը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X