Փաստորեն` ռազմավարություն

Կառավարությունը օրերս հաստատեց Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը և այդ ռազմավարության 2017-2020 թթ. միջոցառումների ծրագիրը: Որպես դրա հիմնավորում նշվում է, որ ռազմավարության ներդրման նպատակն է միջոցներ իրականացնել՝ ուղղված Հայաստանում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները՝ կրճատելով ծխախոտի օգտագործումը:

Մեր կառավարության այս «ռազմավարությանը» (մերոնք, ախր, շատ ուժեղ ստրատեգներ են), ես ամենայն լրջությամբ կվերաբերվեի, եթե ինչ-որ չափով նաև առողջապահական խնդիր լուծող «Սանիթեք» ՍՊԸ-ն իր գարշահոտ աղբամանները չբերեր ու մեր բաց պատշգամբների տակ չշարեր՝ զրկելով մեզ գոնե մի քիչ օդ շնչելու միակ հնարավորությունից:

«Պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից...»,- կարդում ես այս տողերն ու հալվում մեր կառավարության դրսևորած հումանիզմից: Հիմա ես արդեն ոչ միայն առաջնային ծխող եմ, այլև երկրորդային աղբահոտ շնչող: Հետաքրքիր է, ո՞րն է ավելի վտանգավոր առողջության համար՝ ծխախոտի ծո՞ւխը, թե՞ բակտերիաներով հարուստ աղբահոտը:

Մի՞թե հնարավոր չէր նույն ռազմավարությունը կիրառել նաև «Սանիթեքի» նկատմամբ, թույլ չտալ, որ իրեց աղբամանները տեղադրեին բնակելի շենքերին այդքան մոտ՝ մարդկանց քթի տակ: Դեռ չեմ խոսում այն մասին, որ ուշ գիշերով աղբատար մեքենայի հռնդյունով ու աղբարկղը դատարկող մեխանիզմի դխկոց-շխկոցով դիվադադար են անում դուռուլուսամուտ բաց քնածներին:

Ի դեպ, Թբիլիսիում, դուք չեք տեսնի, որ իշաբոյ աղբամաններ շարեն մայթեզրին՝ շենքերի դիմաց, ինչ է, թե աղբատար ընկերության մեքենան դրանք հեշտությամբ դատարկի: Մայթով քայլող մարդիկ գարշահոտ չեն շնչում, հարևան շենքի պատշգամբներում նստածները՝ նունպես: Ըստերևույթին նրանք մի ուրիշ ռազմավարություն ունեն այդ հարցում: Նաև մեզնից ավելի քիչ են ծխում՝ հատուկ հակածխախոտային օյինբազություններ չանելով:

Հ.Գ. Մեր շենքի հասցեն հատուկ չեմ նշում, որպեսզի ՀՀ կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը և մյուս պատկանները, ոչ թե մտածեն մի մասնավոր հարց լուծելու մասին, այլ նստեն ու քաղաքացիներին գարշահոտությունից ազատելու ընդհանուր ռազմավարություն մշակեն: Իսկ ինչ վերաբերվում է մեր շենքի տակ դրված երկու աղբամանին, ապա դրանք շուտով կտեղափոխվեն... Մեր ուժերով:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X