Ի՞նչն է վախեցնում Խնձորեսկի «Ճոճվող կամուրջ»-ի հեղինակին (տեսանյութ)

>

Տուրիզմի պիկ շրջանն է, Սյունիքի մարզը շարունակում է առաջատար մնալ տուրիզմի ոլորտում: Ամառը դեռ չի ավարտվել, Տաթևեր ճոպանուղին այցելուների քանակով արդեն ռեկորդ է սահմանել: Սակայն հայտնի է, որ Սյունիք այցելող զբոսաշրջիկները չեն սահմանափակվում միայն Տաթև այցելելով: 2012 թ-ից զբոսաշրջիկների համար առանձնակի գայթակղություն է արդեն Խնձորեսկի ճոճվող կամուջրի վրա գտնվելը: Բազմաթիվ աստիճաններով բարձրանալուց հետո հայտնվում ես մետաղական հսկայի առջև, որն անցնելով խոր անդունդի վրայով, 160 մետրանոց ճոճվող օդային ճանապարհ է դեպի քարանձավային նախկին բնակատեղի: Կամուրջը միմյանց հետ կապում է Հին և Նոր Խնձորեսկները: Այն կառուցել է խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ով կառույցը նվիրել է ծնողների՝ Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին։ Երբ հանդիպեցինք Ժորա Ալեքսանյանին, նա փոքր-ինչ հուսահատված էր:

«Տարին 150հզր մարդ, ու ոչ մի պատասխանատու ինձանից բացի: Դա ինձ վախեցնում է, երևակայեք, չեմ էլ ուզում շատ մարդ գա, այդքանի անվտանգության ապահովվումն ինձ վրա է: Էստեղ 1000 մառոժնի ուտող ա մտնում, 900-ը թուղթը համապատասխան վայր է նետում, 100-ը գցում է, հավաքել է պետք, մաքրել, հոգսը միայն ինձ վրա է, պետական մոտեցում դեռ չկա»,- hraparak.am-ի հետ զրույցում սրտնեղեց կամուրջի հեղինակը ։ Գործարարի խոսքերով՝ ինքը որևէ շահույթ չի ակնկալում, իր միակ նպատակը արժեքները չկորցնելն է՝ քարանձավների քաղաքը, Մխիթար սպարապետի գերեզմանը, որը կամուրջի ներքևում է եւ երկար ժամանակ գերեզման տանող ճանապարհը քարուքանդ էր: Միայն վերջերս մի բարերարի ջանքերով գերեզմանատուն տանող ճանապարհը բարեկարգվեց: «Քանի ես կամ, այցելությունն այստեղ ձրի է լինելու, ինձանից հետո կարող ա երեխեքս համը հանեն»,-անկեղծանում է Ժորա Ալեքսանյանը՝ պատմելով, որ օտարերկրյա այցելուների թիվը բավական շատ է:

Վերջերս հատուկ կամուրջը տեսնելու համար Խնձորեսկ էր եկել հայտնի Խորհրդային քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռը՝ նշելով, որ կամուրջը Մոսկվայում բավական հայտնի է: «Մի զույգ էլ Բրազիլիայից էր եկել, ասում եմ՝ ինչ եք կորցրել, օվկիանոս եք կտրել, հասել եք էստեղ: Թիրախավորված ոչ մեկը չկա, որ համագործակցենք, բայց Ամերիկյան դեսպանատունը մի ծրագիր է մշակել, կարծես թե արդեն հետաքրքրված են մեզանով: 15 տուր կազմակերպիչների ղեկավարներ շուտով պիտի գան, համագործակցության փորձեր անենք, տեսնենք ինչ կլինի: Մենք էստեղ տուրիստին կարողանում ենք 4 ժամ զբաղեցնել, եթե կարողանանք ևս 4 ժամ զբաղեցնել, նա հյուրանոց կվարձի, կբացվեն նոր հյուրանոցներ, արդյունքում 200 աշխատատեղ կունենանք, Խնձորեսկի արտադրանքը կիրացվի այստեղ, միայն թե պետական աջակցություն եւ մոտեցում է անհրաժեշտ»,-վստահեցնում է կամուրջի հեղինակը:

Մանրամասները՝ տեսանյութում
Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X