Եթե «Վեոլիա ջուր» ընկերության հայտն ընդունեն վարույթ, ՀԾԿՀ-ը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է որոշում կայացնի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես միայն երեկ է ստացել «Վեոլիա ջուր» ընկերության հայտը, այս մասին hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ դիմել է պետական կարգավորող մարմին՝ ջրի սակագները բարձրացնելու խնդրանքով։ Եթե ՀԾԿՀ-ը հաստատի նրանց դիմումը, ապա ներկայումս 1 խ․մ ջրի դիմաց վճարվող 180 դրամը կդառնա 194․3 դրամ, կփոփոխվեն նաև խոշոր բաժանորդների համար սակագինը, նախկին 54 դրամի փոխարեն՝ 58․3 դրամ։

Hraparak.am-ը Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ուսումնասիրե՞լ են դիմումը․ «Պաշտոնապես հայտը մուտք է եղել երեկ երեկոյան 5-ի կողմերը։ Սահմանված կարգի համաձայն՝ մենք 10 օր ժամանակ ունենք, որպեսզի ուսումնասիրենք արդյոք այդ ներկայացված փաստաթղթերի ցանկը համապատասխանո՞ւմ է մեր սահմանված կարգին։ Եթե համապատասխանում է, կընդունենք ի վարույթ, եթե ոչ, հետ կուղարկենք, որպեսզի ուղղեն և որից ներկայացնեն»․- ասաց Ռոբերտ Նազարյանը։ Վերջինիս տեղեկացմամբ, եթե ընկերության հայտն ընդունեն վարույթ, ապա մինչև դեկտեմբերի 1-ը պետք է որոշում կայացնեն, որպեսզի նոր սակագինը հունվարի 1-ից ուժի մեջ մտնի․ «Նաև ընթացակարգեր են նախատեսված, ընթացակարգերով մենք հանրությանը կտեղեկացնենք, հանրային լսումներ կանենք և ամեն ինչ, իսկ մինչև այդ մենք մոնիթորինգներ ենք իրականացնելու, որպեսզի ներկայացված հայտի թվերը տեսնենք՝ որքանով են արժանահավատ, այսօր այդքանը կարող եմ ասել»։ Պարոն Նազարյան, ջրի սակագնի բարձրացման հետ կապված քննարկումներին կարծիքներ են հնչել, որ ՀԾԿՀ-ն այնքան կտրված է հանրությունից, որ յուրաքանչյուր ստացված դիմում հաստատում եք․ «Համամիտ չեմ, եթե այդպիսի գրողներ կան, նշանակում է նրանք որևէ ձևով չեն հետևում մեր գործընթացներին և այն հայտերը, որոնք ներկայացվում են մեզ, այն ընդունված որոշումները, որ մենք կայացնում ենք, կտեսնեն, թե ինչքան անհամապատասխանություն կա ներկայացված հայտի և մեր վերջնական որոշման մեջ։ Դրանք բացարձակապես մեկին մեկ իրար նման չեն և շոշափելի տարբերություններ կան»։

_Նշենք նաև, որ «Վեոլիա Ջուրը» միայն անցյալ տարի է պաշտոնապես դարձել Հայաստանի խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր։ Ամսիներ առաջ էլ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում արդեն ասել էր, որ Հայաստանում խմելու ջրի սպասարկման տենդերով հաղթող ճանաչված «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջիկա 15 տարիների համար նախատեսված ծրագրով պատրաստվում է առաջարկել խմելու ջրի սակագին։ _

Սիրան Հունանյան

Մեկնաբանություն
X