Ֆիրդուսի առևտրականները չեն շարունակի պայքարը (լուսանկարներ)

>

Ֆիրդուսի շուկան դատարկ է, երբեմնի աշխուժությունն ու անցուդարձը վերածվել են անձայնության։ Եվ չնայած նրան, որ օրեր առաջ տեխնիկան «մաքրեց» առևտրականների տաղավարները, այնուամենայնիվ երկու-երեք խանութներ գործում էին, այն էլ փակ շինությունների ներսում, մեկուսացված։ Առևտրի շանսերը ռեալ չեն։

Hraparak.am-ը զանգահարեց Ֆիրդուսի նախկին առևտրականներից մի քանիսին՝ տեղեկանալու արդյոք առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեն, որտե՞ղ և ե՞րբ են բողոքի ակցիաներ իրականացնելու։ Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ բողոքի ակցիաներ չեն լինելու, թեպետ նախկինում հայտարարել էին այդ մասին․ «Էլ ի՞նչ, ամբողջը քանդեցին, էլ ո՞ւմ բողոքենք, ինչի՞ համար։ Անիմաստ է»․- ասաց առևտրականներից մեկը, ով հենց այսօր է տեղափոխվել Հրազդան տոնավաճառ։ Մի երիտասարդ էլ տեղեկացրեց, որ իրենք տեղափոխվել են Երևան տոնավաճառ, չգիտեն թե գործերն ինչպես կդասավորվեն, դեռ փորձում են ադապտացվել նոր պայմաններին։

Հիշեցնենք, որ Ֆիրդուսին վայր դրեց «տոնավաճառի» կոչումը դեռ անցյալ ամիս։ Այնտեղի առևտրականները տևական ժամանակ բողոքում էին, նույնիսկ թույլ չէին տալիս, որ տեխնիկա մտնի տարածք։ Ֆիրդուսցիները ներկայացրել էին երկու ընկերությունների հետ իրենց կնքած պայմանագրերը, որոնցով մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 31-ը պետք է երկարաձգվեր նրանց տաղավարների վարձակալության ժամկետը, մինչև կորոշեին, թե ինչ են անում։ Բայց պարզվել էր, որ կառուցապատողն ու քաղաքապետարանի աշխատակիցները չեն ցանկանում սպասել մինչև տարեվերջ, անգամ մի քանի օր ժամանակ տալ, և անցել էին գործի։ Քանդող բրիգադը մտել էր շուկա և սկսել ապամոնտաժել տաղավարները՝ չսպասելով անգամ, որ մարդիկ հավաքեն իրենց ապրանքը։ Ի դեպ, առայժմ հայտնի չէ, թե կառուցապատողն ինչ է ծրագրել սարքել շուկայի փոխարեն։

Մեկնաբանություն
X