Նախագահը ներկա՞ է գտնվելու Լիսկայի ջանքերով վերանորոգված Ս. Խանզանդյանի տուն-թանգարանի բացմանը. (լուսանկարներ, տեսանյութ)

>

Գորիսում գտնվող անվանի արձակագիր Սերո Խանզադյանի տուն-թանգարանը մեկ տարի է՝ վերանորոգվել է: Մինչ այդ տունն ավերված ու դատարկ էր եւ պատրաստ չէր այցելուներ ընդունելու: Անգամ արձակագրի 100ամյակին՝2015թ-ին հավուր պատշաճի չներկայացվեց, այն քարուքանդ վիճակում էր: Գորիսեցիների խոսքերով՝ թանգարանի վերանորոգման հարցում մեծ դեր է խաղացել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Թեև պետք է նշենք, որ այն ոչ թե նախկին մարզպետի անձնական գումարներով է վերանորոգվել, այլ միջազգային ծրագրի շրջանակում, որին հավանաբար նախկին մարզպետը միջնորդություն էր ներկայացրել: Մեր տեղեկություններով՝ այս տարվա սեպտեմբերին տեղի կունենա թանգարանի պաշտոնական բացումը՝ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նախագահի ներկա գտնվելու մասին լուրերը հաստատեց նաև Ս. Խանզադյանի տուն-թանգարանի վարիչ Արմանուշ Բակունցը: «Գարնանն էր նախատեսվում բացումն անել, բայց քանի որ որոշ կազմակերպչական հարցեր կան, փոքր-ինչ հետաձգվեց»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արմանուշ Բակունցը՝ միաժամանակ նշելով, որ թանգարանի կարգավիճակը հստակեցված չէ: «Թանգարանն առայժմ քաղաքապետարանի ենթակայության տակ է, կարգավիճակը դեռևս որոշված չէ, թե ում պետք է վերջնականապես պատկանի: Օրինակ Գորիսում գտնվող Բակունցի տուն-թանգարանը պատկանում է Գրականության եւ արվեստի թանգարանին, հիմա մեզ մոտ դեռ անորոշություն է, չգիտենք ում է պատկանելու, համայնքի՞ն, մշակույթի թանգարանի՞ն, թե՞ այլ կառույցի: Կարծում եմ սա պրոցես է, որ ժամանակ է հարկավոր: Այս ընթացքում համայնքների խոշորացումը առաջնային խնդիր էր, եւ թանգարաններին վերաբերող հարցերը երկրորդական պլան մղվեցին: Խնդիրը կախված է նաև մշակույթի նախարարությունից, եթե նախարարությունն իր էքսպոզիցիոն ծրագիրը ներկայացնի, կարծում եմ՝ շատ հարցեր կհստակեցվեն»:

Այցելուների հոսքի հետ կապված Արմանուշ Բակունցն անկեղծացավ. «Այցելուներ կան, բայց քանի որ դեռ թանգարանը աղքատիկ է, ներկայացնելու շատ բան չունենք: Խնդրել ենք մեծ գրողի բարեկամներին նրա իրերից մասունքներ տրամադրել: Կապի մեջ ենք գրողի կրտսեր քրոջ եւ որդու՝ Արարատ Խանզադյանի այրու հետ, ովքեր խոստացել են որոշ բաներ հանձնել թանգարանին: Մշակույթի նախարարության հետ փորձելու ենք ժամանակակից թանգարանին վայել ցուցադրություն կազմակերպել»,-ասաց թանգարանի վարիչը:

Նշենք, որ թանգարանում առայժմ տեղադրված էր միայն արձակագրի գրասեղանը, ընտանեկան որոշ լուսանկարներ եւ նրա ստեղծագործություններից նմուշներ, որոնք Արմանուշ Բակունցի արխիվային գրադարանից էին:

Մանրամասները՝ տեսանյութում

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X