Անգամ եթե մի օր երջանիկ են եղել․․․

Իրավապաշտպանին ես լսում, մազերդ «բիզ- բիզ են կանգնում»։ Ասում է՝ Արմավիրիի մարզպետի խորհրդականը կնոջ մազերը փունջ- փունջ պոկում էր, կինը 15 տարի կեղծամ էր կրում, ամեն օր դաժան ծեծի էր ենթարկվում․․․ չթվարկեմ։

Եթե դրան ավելացնենք ևս հազար պատճառ, էլի ոչ մի կերպ չես կարող արդարացնել քնած ժամանակ մարդուն կացնահարողին․․․

Բոլոր աղբյուրներով նույն ջուրն է հոսում՝ մարդը կնկան․․․ Կինն էլ աֆեկտի տակ․․․

Ուզում եմ իմանալ՝ գիտե՞ք , թե Հայաստանում ինչքան կին է բռնության ենթարկվում։ Վիճակագրություն կա՞․․․ Կամ գոնե մոտավոր պատկերացում կա՞։ Եթե այդ կանայք էլ ընկնեն աֆեկտի տակ ու․․․

Հիմա այդ կանայք առավել քան ուշադիր հետևում են դեպքերի ընթացքին։ Երեկ մի կին, որի ամուսինը հաճախակի է ծեծում նրան, ասում է՝ դրան մեր բալկոնից գցելու եմ, կացինը ափսոս է։ Իսկ բալկոնը 15-րդ հարկում է։

Կանանց իրավունքների պաշտպանության աջակցման համար Հայաստանում հազարավոր կազմակերպություններ են ստեղծվել, որոնք դրսից «գյոլ փողեր են ստանում», ինչո՞վ են զբաղվում։ Հոգեբանական օգնություն գոնե ցույց տալի՞ս են։ Թե՞ վարագույրի ետևից միայն ծիկրակելով ու բռնությունը քարկոծելով գործը ավարտվում է։ Եթե նրանցից մեկն էլ արտահայտվում է, հոգեբանական սրտխառնուք ես ապրում, երբ խոսում են միայն բռնությունից։ Բա դուք ինչի՞ համար եք, որ բռնության դեպքում ուղղորդե՞ք, ճանապարհ ցույց տա՞ք, թե «բանը բանից անցնելուց հետո ճառեր կարդաք»։

Ոչ մի կողմին էլ արդարացնել չի կարելի։ Ոչ կացնահարողին, ոչ էլ ժամանակին բռնություն գործադրողին։ Սա այն դեպքը չէ, երբ հուզական տրամադրությամբ կանգնես մեկի կողքին։ Առավել ևս, երբ կացնահարվածին զրկել են արտահայտվելու մարդկային իրավունքից։

Երբ մարդը, ով ուզում է լինի, զրկվել է արտահայտվելու իրավունքից, ամեն կողմից նրան քարկոծելը մարդկային չէ։

Թույլ կետ չեմ թողնի, որ ասեղի անցքով մտնեք ու ինձ ծակեք։
Թույլ կետը մարզպետի խորհրդականի կինն է, կնոջն էլ հանգիստ թողնենք։ Նա իր պատիժն արդեն կրել է։ Ոչ ոք իրեն չի կարող այնպես պատժել, ինչպես խիղճը։ Իրավապաշտպանի կողմից նրա վիճակի մասին խոսելը դրա վկայությունն է։ Այս պահին Ռուզաննային հոգեբանական օգնություն է անհրաժեշտ։ Հոգեբանական վիճակը վերականգնվելուց հետո նա ողջ կյանքում տառապելու է․․․ անգամ եթե մի օր երջանիկ են եղել․․․ այդ օրվա համար։

Գուցե ասեք՝ նման օր չկա, մի վայրկյանի համար ասեմ․․․

Երկու կողմն էլ դաժանաբար պատժվել են։ Այս պահին առավել ծանր է կնոջ վիճակը, որովհետև ամենածանր բանը մահը չէ, մեղքի տակ ապրելն է․․․

Հիշեցնենք, որ 017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Սպանության գործով ձերբակալված է կինը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X