Խոստումնալից սեպտեմբեր Երևանի ավագանիում

_Սեպտեմբեր ամիսը խոստումնալից է, ամառային արձակուրդներից վերադառնալու են ոչ միայն դպրոցականները, այլև մեր քաղաքական ուժերը, որոնք իրենց անելիքների մասին խոսելիս մատնանշում են սեպտեմբերը՝ որպես աշխատանքային գործունեության նոր սկիզբ։ Թեպետ, ոչ բոլոր քաղաքական ուժերն են անգործ մնացել այս ընթացքում։ _

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ վերջին ավագանու նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին։ Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբեր ամսվա երկրորդ երեքշաբթի օրը։ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավարն արդեն հայտարարել է իրենց առաջիկա անելիքների մասին, hraparak.am-ը զրուցել է «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հետ, առաջիկայում կներկայացնենք նաև ՀՀԿ խմբակցության ծրագրերը։

-Պարոն Խաժակյան, «Ելք» խմբակցությունն ի՞նչ ծրագրեր, առաջարկություններ ունի սեպտեմբերին։

-Մենք այս ընթացքում էլ չենք դադարել գրություններ ուղարկել, զբաղվել այն հարցերով, որով մեզ դիմում են, և ամեն շաբաթ գրեթե մամուլում կարող եք տեսնել այն հրապարակումները, որոնք պատմում են մեր կատարած աշխատանքի մասին, ընդ որում, դրանք վերաբերում են տարբեր ոլորտներին։ Սեպտեմբեր ամսվանից մենք ունենք որոշակի օրակարգային խնդիրներ, որոնք պետք է բարձրացնենք ավագանու նիստերի ժամանակ, դրանք վերաբերում են «Ելք» դաշիքնի նախընտրական ծրագրում եղած դրույթներին, բայց նաև վերաբերում են այս ընթացքում քաղաքացիներից ստացված բողոքներին, որոնք մենք պատրաստվում ենք բարձրացնել ավագանու հերթական նիստերին։

-Իսկ ինչպե՞ս է ձեր խմբակցությունն աշխատելու, քննարկումներ ունեցե՞լ եք «Երկիր ծիրանիի» հետ համագործակցելու մասին, կամ նրանց խմբակցությունից դուրս մնացած երկու անդամներին առաջարկ եղե՞լ է ձեզ մոտ ընդունելու։

-Մեր կողմից նման առաջարկ չի եղել, իրենց կողմից՝ ևս։ Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը որպես ավագանու անդամներ աշխատելու բոլոր այն ավագանու անդամների հետ, ովքեր պատկերացնում են խնդիրների լուծումները, պատրաստ են դրանք քննարկել։ Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի» խմբակցության աշխատանքներին, իրենց հետ համատեղ աշխատելուն, կարծում եմ՝ այս ընթացքում իրենք ցույց են տվել, որ արդյունքին միտված աշխատանքի տրամադրություն չունեն, իսկ մենք այլ նպատակ Երևանի ավագանիում չունենք։ Մենք աշխատում ենք կոնկրետ խնդիրների շուրջ՝ ցանկանալով արձանագրել արդյունքներ, և պատրաստակամ կլինենք աշխատելու այն պահից սկսած, երբ տեսնենք, որ նման մտադրություն ունեն այլ ուժերը։

Մեկնաբանություն
X