Փողոցների անվանափոխության և ազգայնամոլության սահմաններին. հարցազրույց Տիգրան Արեգունու հետ

Hraparak.am-ի զրուցակիցը «Փողոցների և այլ օբյեկտների վերանվանում և անվանում» խմբի անդամ Տիգրան Արեգունին է:

- Պարոն Արեգունի, հետևո՞ւմ եք քննարկումներին՝ կապված փողոցների անվանափոխության հետ, ինչպե՞ս կարձագանքեք այն կարծիքներին, ըստ որոնց խորհրդային ժամանակների դեմքերի անուններ փոփոխելը ծայրահեղական ազգայնամոլություն է։

-Ոչ միայն հետևում եմ, այլև սոցցանցելում մասնակցում եմ քննարկումներին: Համաձայն եմ Ձեր նշած կարծիքի հետ, որ բացարձակորեն խորհրդային ժամանակների բոլոր դեմքերի անունների փոփոխությունը ծայրահեղական մոտեցում է: Ամեն մի ժամանակաշրջան ունի իր արժեքները, որոնք գումարային առումով արժեք են նաև ընդհանուր ժամանակահատվածի համար: Խոսքը գնում է իրական արժեքների մասին:

Դեռ Ազգալդյանի փողոցի անվանակոչման քննարկումների ժամանակ մենք անդրադարձել ենք այս հարցին, քանի որ մեզ նույնպես սկսեցին մեղադրել նրանում, ինչում հիմա մեղադրում են նման առաջարկ անողներին: Մենք բոլորին բացատրեցինք, որ կողմ չենք նման ծայրահեղ մոտեցմանը: Օրինակ՝ ինձ համար արժեքավոր մարդիկ էին Մյասնիկյանը, Խանջյանը, բայց օրինակ Կասյանի, Միկոյանի, Ամիրյանի անվան փողոցները պիտի անվանափոխել: Օրինակ 90-ականներին Ամիրյան փողոցը անվանափոխվել էր Վռամշապուհ արքայի անունով, ում պատվերով էլ Մեսրոպ Մաշտոցը իրականացնել էր հայոց այբուբենի ստեղծումը: Այսինքն՝ այս անվանակոչման մեջ կա հստակ տրամաբանություն: Հետագայում երևի Վռամշապուհ անվանումը անբարեհունչ է թվացել և Ամիրյան անվանումը վերականգնվել է: Սակայն կարելի է նաև Վռամշապուհի մեկ այլ անունը կիրառել՝ Վաղարշ Գ: Կարծում ենք Վաղարշ արքայի անվան փողոց ունենալը պատիվ կբերի ոչ միայն Երևանին, այլև ողջ Հայաստանին:

Ընդհանրապես փողոցների և այլ օբյեկտների անվանկոչման հարցերում պիտի ընթանան հանրային քննարկումներ տարբեր պատմաբանների ներգրավմամբ, որոնք փաստարկված կներկայացնեն այս, կամ այն անձի արժեք լինելը ընդհանրական հայության և հայ իրականության կայացման համար:

-Ի դեպ, վերջերս Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկել էր անվանափոխել բոլշևիկների անունները կրող փողոցների և դպրոցների անունները, Ձեզ համար ընդունելի՞ է այս առաջարկը։

-Արդեն ասացի, թե որ մասով է ընդունելի, իսկ որ մասով՝ անընդունելի: Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցությանը, ասեմ որ նրանց հետ կապ կա և կոնկրետ այս հարցի շուրջ քննարկումներ եմ ծավալում ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի հետ՝ ներկայացնելով մեր մոտեցումները: Ասեմ, որ մեր և «Ելք» խմբակցության մոտեցումները մեծամասամբ համընկնում են և որքանով ես եմ հասկացել, նրանք նույնպես կողմ չեն նման ծայրահեղ մոտեցմանը: Այսինքն՝ ցանկացած անվանափոխություն պիտի տեղի ունենա լուրջ քննարկումների և փաստարկների արդյունքում: Եվ պիտի հստակ հասկանանք, թե ինչը ինչով ենք փոխարինում և ինչու: Կարծում եմ՝ առաջիկայում «Ելքը» շատ ավելի հստակ կներկայացնի իր մոտեցումները, որոնք շատ ավելի ընկալելի ու ընդունելի կլինեն լայն շրջանակների համար:

Նշեմ նաև, որ «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի միջոցով պատրաստվում ենք առաջարկել Մոլդովական փողոցի մի հատվածի անվանակոչումը քանդակագործ Կառնել Նուրիջանյանի անունով: Նուրիջանյանի ձեռքի գործերն են Վահագն Վիշապաքաղի, Տորք Անգեղի, Հայկ Նահապետի և այլ հիանալի արձաններ: Ինչո՞ւ ենք ընտրել հենց Մոլդովական փողոցի սկզբնամասը, քանի որ այդ հատվածում է տեղադրված Հայկ Նահապետի արձանը:

-Այս պահին կոնկրետ Լենինգրադյան փողոցի անվանակաչության հարցը ո՞ր փուլում է գտնվում։

-Ինչ վերաբերում է Ազգալդյանի փողոցի անվանակոչմանը, ապա այս գործընթացը ներկա պահին գտնվում է այսպես ասած արձակուրդային փուլում: Հույս ունենք, որ հարցը քննարկման կդրվի սեպտեմբերի ավագանու նիստին: Եթե այս անգամ էլ ձգձգելու փորձ կատարվի, ապա մենք փորձելու ենք արդեն օրենքով սահմանված լծակներով հարցը մտցնել ավագանու նիստի օրակարգ: Թող քննարկեն և ընդունեն, կամ մերժեն, ոչ թե ձգձգեն:

Սիրան Հունանյան

Մեկնաբանություն
X