Կառավարությանը կներկայացվի հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թ-ի ծրագիրը

Վաղը մշակույթի նախարարությունը կառավարության հավանությանն է ներկայացնելու ՀՀ հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագրի ժամանակացույցը։ Համաձայն դրա, ծրագրի նպատակն է ստեղծել Հայաստանում ժամանակակից պահանջները բավարարող հնագիտական ժառանգության հետազոտությունների և հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, նպաստել միջազգային գիտական համագործակցության ընդլայնմանը, հնագիտական հուշարձանների տարածքների բարեկարգմանը, բացված կառույցների ամրակայման և վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներով դրանք դարձնել զբոսաշրջության գրավիչ օբյեկտներ:

2017-2025 թվականների ծրագրի ժամանակացույցի մեջ են մտնում հնագիտական վայրերի զարգացում, կառավարման պլանների մշակում, քարայրների զարգացում, մասնավորապես Արենի-1 քարայրի (Թռչունների քարայր) պահպանության, կոնսերվացման և թանգարանացման ծրագիրը։ Սյունիքի ժայռապատկերների քարտեզագրում, թվայնացում, ուսումնասիրության արդյունքների հրատարակությունը։ Շենգավիթ քաղաքատեղիի պեղման, բարեկարգման և ամրակայման ծրագիր։ «Մեծամոր» հնավայրի ուսումնասիրություն, պահպանության պայմանների բարելավում և թանգարանի ցուցադրության արդիականացումը։ Լճաշենի ամրոց-քաղաքատեղիի պեղման և վերականգնման ծրագիրը։ «Զորաց քարեր» հնավայրի համակողմանի ուսումնասիրություն, պահպանության պայմանների բարելավում և արգելոցի տարածքում թանգարանի կառուցումը։ Կարմիր բլուր քաղաքատեղիի և դամբարանադաշտի պեղման, ամրակայման և թանգարանացման ծրագիրը։ Բենիամինի անտիկ դաստակերտի հնագիտական ուսումնասիրության և թանգարանացման ծրագիրը։ Հին Արտաշատ մայրաքաղաքի պեղման և ամրակայման գիտանախագծային աշխատանքներ և հին մայրաքաղաքի թանգարանացման աշխատանքները։ «Դվին» պատմական քաղաքատեղի հնավայրի ուսումնասիրություն, պահպանության պայմանների բարելավում և թանգարանի ցուցադրության արդիականացումը։ Թալինի վաղ բրոնզե դարի ծիսական հարթակի ամրակայման և ցանկապատման աշխատանքները։ Ներքին և Վերին Նավեր դամբարանադաշտերում պեղման և ամրակայման աշխատանքները։ Ինչպես նաեւ Քարաշամբի դամբարանադաշտի պեղումների, ուսումնասիրության և ամրակայման-թանգարանացման աշխատանքները։ Լոռի բերդի արքայական դամբարանների ամրակայման, ցանկապատման աշխատանքները։ Աղձք: Հայոց արքաների դամբարանների հետազոտումը։

Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաեւ ինստիտուցիոնալ կառույցների ստեղծում՝ Ուրարտագիտական հետազոտությունների կենտրոնի ստեղծում։ «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի» ստեղծում։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված մասնաշենքում հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայի ստեղծում։

Հնագիտական ժառանգության հանրահռչակման շրջանակներում նախատեսված են՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող երկրագիտական թանգարանների նոր մշտական ցուցադրությունների հայեցակարգերի մշակում։ «Հայաստանի հնագիտական ժառանգություն. հնագիտական տեղեկատվական համակարգ» ծրագրի իրականացում։ Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում: Նվաճումներ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի և ընթացիկ պեղումների արդյունքների ժամանակավոր ցուցադրության պարբերաբար (2 տարին մեկ) կազմակերպման ենթածրագիր։ Գիտաժողովի շրջանակներում կազմակերպել «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում: Նվաճումներ և հեռանկարներ» EXPO։ Հնագիտական զբոսաշրջության ցուցահանդես-տոնավաճառների կազմակերպում։ Ամառային հնագիտական ճամբարների կազմակերպում։

Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կարող են հանդիսանալ պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները: Ծրագրի միջոցառումների իրականացման համար պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել յուրաքանչյուր բյուջետային տարիների համար համապատասխան ոլորտների գծով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում՝ ելնելով ծախսային առաջնահերթություններից:

Մեկնաբանություն
X