Ինչպես պարզել, որ արևահարվել եք

Արևային հարվածը ջերմային հարվածի տարատեսակ է, որն առաջանում է արևի ուղիղ ճառագայթների ազդեցության արդյունքում։ Գերտաքացման արդյունքում առաջանում է գլխի անոթների լայնացում, մեծանում է արյան հոսքը դեպի գլխուղեղ։ Կարող են նկատվել մի քանի ախտանշաններ, բայց սովորաբար անձը միշտ եւ առաջին հերթին նշում է, որ երկար ժամանակ գտնվել է արևի տակ։ Արևի կործանարար ազդեցությունը, բացի ընդհանուր վիճակից, արտացոլվում է մաշկային ծածկույթների վիճակի վրա, որոնք դառնում են կարմիր, այտուցված, ցավոտ։

Կախված թե ինչ ախտանշաններ են գերակայում, տարբերում են ջերմային հարվածի մի քանի տեսակներ, որոնց ժամանակ կարող է նկատվել կենտրոնական նյարդային համակարգի բոլոր գործառույթների դանդաղում, այդ թվում շնչառության, մարմնի ջերմաստիճանը կարողէ հասնել 40-41 աստիճանի, և ուղեկցվել ջղակծկումներով, գիտակցության մթագնմամբ։ Որովայնային ձևի արեւահարման ժամանակ կարող է լինել նաեւ փորլուծություն, փսխում։

Առաջին օգնություն արեւահարվածին։

Արագ մեկուսացնել տուժածին վնասակար գործոնից՝ ջերմությունից, նստեցնել ստվերում, դուրս բերել զով տարածք, կանչել շտապ օգնություն։ Ինքներդ մի փորձեք գնահատել տուժածի վիճակը, նրան պետք է զննի բժիշկը։ Եթե գիտակցությունը մթագնած է, տվեք շնչելու անուշադրի սպիրտ, հանեք սեղմող հագուստը, ապահովեք թարմ օդի հոսք, գլխին բարձր դիրք տվեք, մարմինը ծածկեք խոնավ կտորով, ճակատին և ծոծրակի տակ դրեք սառը թրջոցներ՝ սառը սրբիչ, կտորի մեջ փաթաթված սառույցի կտորներ, սառը ջրով շիշ, տվեք խմելու սառը հեղուկներ, չի կարելի խմել էներգետիկ, սպիրտային ըմպելիքներ։

Ինչպես խուսափել արևահարությունից։

Խուսափեք 11․00-16․00 հատվածում գտնվել արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ։ Կրեք արևապաշտպան միջոցներ՝գլխարկ, գլխաշոր, հանգստացեք ծածկի տակ կամ ծառերի ստվերում։ Կրեք բաց երանգների բամբակյա հանգուստ։ Խմեք օրը 2 լ-ից ոչ պակաս ջուր։ Փակ տարածքում գտնվելիս հաճախ օդափոխեք այն, պարբերաբար դուրս եկեք։ Խուսափեք յուղոտ, աղի սնունդից, որը դուրս է բերում ջուրը օրգանիզմից։

Մեկնաբանություն
X