412 մլն․ դրամ «Զորաց քարերի» տարածքում ենթակառուցվածքների ստեղծման համար

Մշակույթի նախարարության կողմից կառավարության հավանությանը ներկայացված ՀՀ հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագրի ժամանակացույցի մեջ մեծ տեղ է հատկացված «Զորաց քարեր» հնավայրի համակողմանի ուսումնասիրության, պահպանության պայմանների բարելավման և արգելոցի տարածքում թանգարանի կառուցման հարցերին։

Նկատի ունենալով հուշարձանի բացառիկ դերն ու կարևորությունը՝ ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 26-ի թիվ 853-Ն որոշմամբ Զորաց քարերին տրվել է արգելոցի կարգավիճակ:

Ծրագրով նախատեսված գործողությունների համաձայն նախատեսվում է կատարել անհրաժեշտ ծավալով պեղումներ, հայտնաբերված նյութն իմաստավորելու, գրանցելու, ուսումնասիրելու և հետպեղումային բոլոր հրատապ աշխատանքներն իրականացնելու համար: Դրա համար, մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 40.0 մլն ՀՀ դրամ՝ ներառյալ նաև արշավախմբի անդամների գործուղումները, ճարտարապետական չափագրումները, լուսանկարահանումներն և այլ անհրաժեշտ աշխատանքները:

Հնավայրի հանրահռչակման համար անհրաժեշտ է մի շարք խնդիրների լուծում․ մասնավորապես Երևան-Սիսիան-Գորիս մայրուղուց դեպի հուշարձան տանող ճանապարհի ասֆալտապատում: Դա կազմում է շուրջ 3,5 կմ ճանապարհ, որից մոտ 1,0 կմ-ն անմիջապես դեպի հուշարձան տանող գրունտային, անհարթ, վթարավտանգ ճանապարհն է: Ճանապարհի այդ հատվածի (մոտ 1,0 կմ) ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար նախնական հաշվարկով կպահանջվի 37,0 մլն ՀՀ դրամ:

Ճանապարհի ասֆալտապատումը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տուրիստական կազմակերպությունների մեքենաներով հնարա-վորինս մոտենալ հուշարձանին և կանգնել կայանատեղիում:Հուշարձանը դիտարժան, մատչելի և ճանաչողական դարձնելու համար առաջնահերթ է անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում։ Հուշարձանն անխաթար պահելու համար անհրաժեշտ է պահպանական գոտու 53 հա տարածքի ամբողջական ցանկապատում: Այդ աշխատանքների համար մոտավոր հաշվարկով կպահանջվի շուրջ 28,0 մլն ՀՀ դրամ:

Երթևեկությունը կարգավորելու և տուրիստական ավտոբուսների երթերը կանոնավորելու համար անհրաժեշտ է հուշարձանի պահպանական գոտու մուտքի մոտ մեքենաների կայանատեղիի կառուցում, որի իրականացման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է 35,0 մլն ՀՀ դրամ: Արագորեն աճող տուրիստական երթերի (հատկապես Իրանից եկող) ու անհատ այցելուների պատշաճ սպասարկման և հուշարձանի մասին հիմնավոր ու գիտական տեղեկատվություն ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է հուշար¬ձանի պահպանական գոտու սահմաններում թանգարանի երկհարկանի շենքի կառուցում: Աշխատանքների իրականացումը կկազմի 185,0 մլն ՀՀ դրամ:

Հուշարձանի պահպանական գոտու մերձակայքում, թանգարանի շենքից ոչ հեռու, պարտադիր է նաև սպասարկման ենթակառուցվածքների՝ խանութների, հանգստասրահի, զովացուցիչ ջրերի և հյութերի կրպակների, բուկլետների և հուշանվերների, ինչպես նար տեղական գյուղատնտեսական մթերքների արդիական տաղավարների տեղադրում: Այս աշխատանքների ֆինանսական բաղադրիչը կկազմի 22,0 մլն ՀՀ դրամ:

Թանգարանի և նրա շուրջը ստեղծվելիք սպասարկման ենթակառուցվածքների անխափան գործունեության համար անհրաժեշտ է հասարակական սանհանգույցների կառուցում, էլեկտրականության, ջրագծի, կոյուղու, գազի անցկացում և անխափան գործարկում: Աշխատանքների իրականացումը կկազմի 40,0 մլն ՀՀ դրամ:

Այցելությունների և էքսկուրսիաների ժամանակ հուշարձանին հնարավորինս վնաս չհասցնելու նպատակով անհրաժեշտ է դեպի նրա տարբեր հատվածները տանող արդյունավետ երթուղիների մշակում և այդ հատվածներում վերգետնյա անցուղիների տեղադրում: Դրա ստեղծման համար կպահանջվի 15,0 մլն ՀՀ դրամ:

Քանի որ հուշարձանը գտնվում է զբոսաշրջային, առևտրական և տնտեսական բանուկ ճանապարհների խաչմերուկում, նպատակահարմար է նրան կից ուսումնատեղեկատվական կենտրոնի կառուցումը, ինչը թույլ կտա ապակենտրոնացնել առանց այն էլ Երևանում՝ հանրապետության կենտրոնում, տեղակայված և ոչ լրիվ արդյունավետությամբ գործող զբոսաշրջային և կրթական կազմակերպությունների ցանցը, հնարավորություն կստեղծի հուշարձանի տարածքում կազմակերպել պատմամշակութային գործնական պարապմունքներ անցկացնող ու ոլորտին առնչվող հիմնախնդիրներ քննարկող ամառային դպրոց-ճամբար, զարկ կտա հայկական պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտական տեղեկատվության հետագա զարգացմանը և հնարավորություն կըձեռի ոլորտի երիտասարդ, բանիմաց մասնագետների որակական հատկանիշների բարձրացմանը: Ուսումնատեղեկատվական կենտրոնի ստեղծումը կնպաստի նաև Հայաստանի հարավային սահմանների և Արցախի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանն ու տուրիստական երթուղիների մեջ առավել ներգրավմանը: Տեղեկատվական կենտրոնի կազմակերպման համար նախնական հաշվարկով կպահանջվի 50,0 մլն ՀՀ դրամ:

«Զորաց քարեր» հնավայրի տարածքում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքների իրականացման համար, ընդհանուր առմամբ, կպահանջվի 412,0 մլն ՀՀ դրամ: Այս ծրագրի ֆինանսավորմամբ հնավայրը կարճ ժամանակում կդառնա տարածաշրջանի ամենից շատ այցելվող մեգալիթյան եզակի հուշարձանը:

Ներկայում Տեղական տնտեսության և զբոսաշրջության ենթակառուցվածքի զարգացման ծրագրի (ՏՏԶԵԶԾ) շրջանակներում Համաշխարհային բանկի դրամաշնորհով իրականացվում են նախագծման աշխատանքները:

Մեկնաբանություն
X