Սխալներ, որ թույլ ենք տալիս արևապաշտպան միջոցների օգտագործման ժամանակ

1․ Չեք քսում բավարար չափով արևապաշտպան միջոց

Ցանկացած արևապաշտպան միջոց պահանջում է, որ այն առատ քսեք մարմնին, խնայել խորհուրդ չի տրվում։ Ըստ եվրոպական հանձնաժողովի տվյալների, որպեսզի ամբողջությամբ ծածկենք մեծահասակի մարմինը, անհրաժեշտ է միջինում վեց թ/գ արևապաշտպան քսուկ։

2․ Մոռանում եք թարմացնել պաշտպանությունը

Ցանկացած արևապաշտպան քսուկ պահանջում է անընդհատ թարմացում, հատկապես ջրի հետ շփումից հետո։ Եթե նոր եք դուրս եկել ծովից առաջինը թարմացրեք քսուկը։ Թաց մարմինը ավելի շուտ կարող է վառվել արևից, քան չորը, քանի որ ջրի կաթիլները քաշում են արևի ճառագայթները։ Անգամ եթե տուփի վրա գրված է, որ քսուկը ջրակայուն է, միևնույն է ամեն միջոց պետք է թարմացնել։

3․ Ընտրել եք ոչ ճիշտ spf

Spf-ի պարունակությամբ ցանկացած միջոց ուղղված է ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանությանը, որոնք առաջացնում են մաշկի վաղաժամ ծերացում։ Ցավոք ոչ մի միջոց 100 %–ով չի պաշտպանում վնասակար ճառագայթումից։ Օրինակ, եթե դուք ընտրել եք քսուկ spf -100 առավելագույն պաշտպանությամբ, այն արգելափակում է 98% ճառագայթումը։ Որքան ցածր է spf-ի մակարդակը, այնքան քիչ պաշտպանություն է ստանում մաշկը։ Քսուկ ընտրելիս պետք է հաշվի առնել, որ որքան բաց է մաշկի գույնը, այնքան բարձր պետք է լինի spf-ը։

4․ Չեք օգտագործում արևապաշտպան միջոց, երբ գտնվում եք փակ տարածքում

Ոմանք սխալմամբ կարծում են, որ արևային ճառագայթները չեն անցնում ապակու միջով։ Եթե դուք մեքենայի մեջ եք կամ աշխատավայրում նստած եք պատուհանի մոտ, ձեր մաշկին անհրաժեշտ է նույնպիսի պաշտպանություն, ինչպես որ եթե գտնվեիք փողոցում։

5․ Մոռանում եք մարմնի որոշակի հատվածների մասին

Սովորաբար արևի տակ վառվում են մարմնի այն անսպասելի հատվածները, որոնց դուք ուշադրություն չեք դարձրել։ Քսուկը քսելով դեմքին, մեջքին, ուսերին, փորին, ոտքերին, մի մոռացեք ոչ այնքան ակնհայտ տեղերի մասին՝ հոնքեր, ականջների ետևի հատվածը, անութափոսեր և այլն։

Մեկնաբանություն
X