Տրանսպորտի գինը չպետք է լինի բարձր կամ ցածր, գինը պետք է լինի արդար և հասանելի․ փոխքաղաքապետ

Այսօր Երևանի քաղաքապետարանը ներկայացրեց հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության էլեկտրոնային նոր հարթակը, որի նպատակն է բարեփոխումների գործընթացին ներգրավել հասարակության տարբեր խմբերի, լսել նրանց կարծիքները, ինչպես նաև հանրությանը մասնակից դարձնել որոշումների կայացման գործընթացին:

Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացմանը, նշեց, որ հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի բարեփոխումների շրջանակներում տրանսպորտի գինը չբարձրանա. «Մենք այս պահին գնի հաշվարկ խորհրդատուի կողմից չենք ստացել։ Եվ բնական է, որ երթուղային ցանցի վերջնականացումից և չափորոշիչների սահմանումից հետո է միայն հնարավոր հաշվել և որպես հետևանք նաև ուղևորափոխադրման գինը։ Բայց այն, որ գնի չբարձրացումը դրվել է որպես կարևոր պայման խորհրդատուի պայմանագրի առաջադրանքում, դա փաստ է։ Մենք համոզված ենք, որ գինը չպետք է լինի բարձր կամ ցածր, գինը պետք է լինի արդար և հասանելի։ Եվ այդ առումով ամեն ինչ անելու ենք, որ առանց գնի բարձրացման որոշակի նաև կառուցվածքային փոփոխություններով կարողանանք իրականացնել բարեփոխումներ»։

Վահե Նիկոյանը տեղեկացրեց նաև, որ էլեկտրոնային տոմսային համակարգ անցում կատարելիս հաշվի են առնվելու սոցիալական բոլոր խմբերը․ «Դա նույնպես պարտադիր բաղադրիչ է այս բարեփոխումների, և էլեկտրոնային տոմսային համակարգի անցումը տալու է մեզ այդ հնարավորությունը, որ այսօր չունենք։ Բոլոր սոցիալական խմբերին անդրադարձ կատարվելու է զեղչային համակարգի կիրառման տրամաբանության մեջ։ Մեր խորհրդատուն առաջիկայում պետք է ներկայացնի համակարգի կիրառման միջազգային փորձը և նաև սոցիալական խմբերի տարանջատվածությունը»։

Մեկնաբանություն
X