Հակված չեմ այն կարծիքին, որ ջրի սակագնի թանկացումը ընդվզում կառաջացնի

Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է պետական կարգավորող մարմնին՝ սակագները բարձրացնելու խնդրանքով: Այս մասին օրեր առաջ ընկերությունը հայտարարություն տարածեց: Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուրը» նախկինում ջրով ապահովում էր Երևանն ու մայրաքաղաքի շրջակայքը, իսկ ամբողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիան ստացել է 2017 թվականի հունվարի 1-ից: Ներկայում 1 խ.մ. ջուրը 180 դրամ արժե (շուրջ 37 ցենտ): Ընկերությունն առաջարկում է այն հասցնել 194.3 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով սակագնի մասին հայտ ներկայացնելով՝ ընկերությունը պետք է փաստաթղթերով հիմնավորի պահանջը: Հանձնաժողովը հայտը պետք է քննի այն ստանալուց հետո 90 օրվա ընթացքում:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով այդ ոլորտի թափանցիկությունն ու «Վեոլիա ջրի» համեմատական արդյունավետությունը մի քանի անգամ ավելի թափանցիկ է եւ առնվազն դրա նախադրյալները կան, որովհետեւ բավականաչափ մեծ կապիտալ ներդրումներ է իրականացնում նաեւ ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ, որը կազմում է ավելի քան 60 տոկոս. «Նույնը եթե համեմատենք հայ էներգետիկ համակարգի հետ, դրանք համեմատելու եզրեր չունեն, որովհետեւ այստեղ գոնե որոշումների տակ կա որոշակի պլանավորվածություն եւ առնվազն հիմնավորվածություն: Հիմա կարող ենք մենք ուսումնասիրել եւ ասել, որ այսքան չպետք է լինի, բայց այն, որ ինքը հիմնավորված է նաեւ կապիտալ ներդրումներով եւ իրենց հայտի մեջ դրա մասին խոսվել է, դա միանշանակ է»:

Մանուկյանը ազգաբնակչության շրջանում չի տեսնում այն մտահոգությունը, որը կարող է բողոքի ալիք բարձրացնել: Կարծում է՝ ժողովուրդը սիրո՞վ կընդունի թանկացման այդ փաստը. «Սիրով չի ընդունի, ընդհանրապես ոչ մի սպառող երբեք չի ուզում ավելի շատ վճարել մի ծառայության դիմաց, բայց եթե սպառողին ներկայացնում են դրա հիմնավորվածությունները, իսկ այդ մասով, իմ կարծիքով, կա որոշակի թափանցիկություն եւ այդ ռազմավարության մասին, որ սկզբում պետք է աճի, հետո նվազի, այս- այս կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն՝ խոսվել է: Հիմա այլ հարց է, որ կարող է այդ կապիտալ ծախսերի մեջ անարդյունավետություն լինի, բայց մենք խոսում ենք այն փաստերի մասին, որը ներկայացվում է, այլ ոչ թե վերահսկողության թերությունների մասին: Այս քայլի տակ կա որոշակի փաստային հանգամանք: Հետեւաբար այն բոլոր տնտեսագետները, որ ասում են ընդվզում կլինի բոլորովին հակված չեմ այդ կարծիքին»:

Տնտեսագետն իր խոսքում նկատում է, որ ժամանակին ընկերության կողմից ներկայացված մրցութային փաթեթի մեջ արդեն նշված էր, որ ջուրը թանկանալու է. «Այլ հարց է, որ ժամանակին օրինակ ժողովուրդը պետք է վեր կենար ու ասեր՝ ո՞նց է լինում այդքան վարկ ենք վերցնում, բայց ջրային ոլորտում 60 տոկոս կորուստ կա: Այդ ժամանակ թող ելնեին ու ընդվզեին»:

Մեկնաբանություն
X