Խանութներից, ատամնաբուժարանից չեն օգտվում ոչ թե գումարի, այլ փողոցի պատճառով

>

Երեք ամսից ավելի է՝ Գյումրու Ռուսթավելի փողոցը վերանորոգվում է: Տևական ժամանակ է՝ քարուքանդ փողոցը բնակիչներին անհարմարություն է պատճառում: Սկզբում բողոքում էին Կումայրի պատմական արգելոցի բնակիչները: Նրանց խոսքերով՝ եթե որևէ մեկին շտապօգնություն անհրաժեշտ լինի, ավտոմեքենաների մուտքը անհնար է: Պատմեցին նաև մի դեպք, թե տարեց պապիկը մահացել էր, եւ հարազատները ստիպված էին եղել նրան հուղարկավորել բարեկամի տանից: Այսօր արդեն բողոքում են փողոցում տեղակայված առևտրի, սպասարկման կենտրոնների աշխատակիցները: Մերձակա ատամնաբուժարանի աշխատակիցը դժգոհում է՝ ասելով, որ հաճախորդները չեն այցելում փողոցի քարուքանդ լինելու պատճառով, իսկ այն շրջանցելն այնքան էլ հեշտ չէ, ավտոմեքենայով՝ գրեթե անհնար: Նմանատիպ դժգոհություններ լսեցինք նաև խանութների տերերից: Նրանցից մեկի պնդմամբ՝ իր խանութի հաճախորդների թիվը 40-50 տոկոսով նվազել է, վստահ է՝ պատճառը ոչ թե գումարի բացակայությունն է, այլ փողոցի քարուքանդ վիճակը: Երբ արևի տակ աշխատող բանվորներին հարց տվեցինք, թե երբ են վերջնականապես ավարտին հասցնելու փողոցի շինարարությունը, նրանցից մեկը բորբոքված պատասխանեց. «Էսպես որ գնաց, ավարտելու բան չի: Մեզի ընչի՞ կհարցնեք, գիտեք՝ մենք գիտենք: Օրը մե բան կըսեն, հողը ըստից ընդե, ընդեից էլ ըստե լցել կուդան»:

Նշենք, որ Ռուսթավելի փողոցի շինարարությունն ի սկզբանե հարթ չի ընթացել: Այն քանդելուն պես ի հայտ են եկել պատմական քյարիզներ՝ ստորգետնյա ջրահեռացման համակարգերը, որոնք վթարային են դարձրել տեղանքը: Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ստեղծված իրավիճակի հետ կապված ստիպված է եղել հրահանգել մի քանի օրով դադարեցնել փողոցի շինարարությունը, եւ տեղանքն ուսումնասիրելու նպատակով մարդ է ուղարկել: Ի դեպ, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը , որ քյարիզներ իսկապես հայտնաբերվել են, բայց ճարտարապետի խոսքերով՝ դրանք լուրջ խոչընդոտ չեն՝ շինարարություն դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ Ռուսթավելի փողոցը հիմնահատակ վերանորոգվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում, որի նպատակը Հանրապետության երկրորդ քաղաքում տուրիզմի զարգացումն է :

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X