Վահան Արծրունին հանդես կգա բացօթյա համերգով

«ՖՐԵՍԿՈ» կինոփառատոնի մշակութային ծրագրի շրջանակում օգոստոսի 26 –ին, ժամը 20:00 –ին Կարապի լճի տարածքում տեղի կունենա Վահան Արծրունու բացօթյա համերգը, որին իրենց մասնակցությունն են բերելու նաեւ Հասմիկ Բաղդասարյանը (մեներգ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Մերուժան Տեր-Մինասյանը (գալարափող): Ինչպես նաեւ Վարդանյան լարային քառյակը՝ մասնակցությամբ Աստղիկ Վարդանյանի (առաջին ջութակ), Գոհար Պապոյանի (երկրորդ ջութակ), Մերի Դոլմազյանի (ալտ), Արտյոմ Նաղդյանի (թավջութակ), Արմեն Հովակիմյանի (կոնտրաբաս):

Կոմպոզիտոր Վահան Արծրունին իր ստեղծագործության մեջ անդրադառնում է Կոմիտասի բանաստեղծությանը, ներկայացնելով Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված «ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» երգաշարը։

Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» շարքը ներկայացնող ձայնասկավառակը հրատարակվել է 2002-ին։ 2003-ին այն արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության պարգևին՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, իսկ 2004-ին՝ Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության կողմից արժանացել է երկու մրցանակի՝ «Ազգային ալտերնատիվ երաժշտության լավագույն ալբոմ» և «Ալբոմի լավագույն ձևավորում»։

Անցած 15 տարիների ընթացքում շարքը բազում անգամներ համերգային կատարումներով ներկայացվել է Հայաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Միջին Արևելքում և Եվրոպայի մի շարք երկրներում։ 2007թ. երգաշարն ամբողջովին ընդգրկվել է հանրակրթական դպրոցի պետական չափորոշիչ ծրագրում և ներկայացված է 4-7-րդ դասարանի «Երաժշտություն» առարկայի դասագրքերում։ Ձայնասկավառակն ունեցել է երեք վերահրատարակում՝ 2002-2004թթ., 2004-ին թողարկվել է համերգային կատարմամբ DVD։

Մեկնաբանություն
X