9 մլն. դրամ Թռչունների քարայրի կավակերտ կառուցվածքների ամրակայման, անցուղիների պատրաստման համար

Մշակույթի նախարարության կողմից կառավարության հավանությանը ներկայացված ՀՀ հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագրի ժամանակացույցի մեջ ներառված է նաեւ Արենի-1 քարայրի (Թռչունների քարայր) պահպանության, կոնսերվացման և թանգարանացման ծրագիրը:

Համաձայն ծրագրի նախատեսված է ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով 2017-2018 թթ. նույն դրամաշնորհի շրջանակներում իրականացնել պեղումների ժամանակ բացված կավակերտ կառուցվածքների ամրակայման, անցուղիների պատրաստման աշխատանքները, ֆինանսավորման ծավալը՝ շուրջ ինը միլիոն դրամ:

Հուշարձանն ուսումնասիրվում է 2007 թվականից: Մ.թ.ա. V հազ. երկրորդ կես IV հազ. առաջին կեսով թվագրվող Արենի 1 քարայրի տարբեր շերտերով ներկայացված է տարածաշրջանի էնեոլիթյան դարաշրջանի ուշ փուլի մի ինքնատիպ մշակույթ, որն առաջին անգամ է փաստագրվում ինչպես Հայկական լեռնաշխարհում, այնպես էլ հարևան շրջաններում: Հնավայրում փաստագրվել է աշխարհի հնագույն գինու արտադրության մի համալիր, ինչը հուշարձանին համաշխարհային մեծ համբավ է բերել: Այստեղից հայտնաբերված առարկաների մի ստվար մասը բացառիկ է և իր զուգահեռները չունի համաշխարհային պրակտիկայում: Հուշարձանն առանձնանում է իր դիտարժանությամբ և ընդհանուր դիրքի տեսարժանությամբ, ինչի արդյունքում կարող է դառնալ Հայաստանի ամենահայտնի և ամենից շատ այցելվող հնագիտական հուշարձաններից մեկը:

Մեկնաբանություն
X