Հույս ունեին օրենքից դուրս ինչ-որ հարցեր լուծել, իրենց անօրինականությունները կոծկելու համար, չստացվեց. Մարատ Կոստանյան

Հրազդանի քաղաքապետարանի նախկին բաժնի պետն ընդդեմ քաղաքապետի դատական գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Խաչիկյանի կողմից մերժվեց, որից հետո հայցվոր կողմը դիմեց Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Մի քանի անգամ դատական նիստերը հետաձգվելուց հետո Վերաքննիչ դատարանը բեկանեց դատավոր Աշոտ Խաչիկյանի վճիռը:

Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախկին պետ Անահիտ Նազարյանի ներկայացուցիչ Մարատ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Որոշումը երկար տևեց, քանի որ պատասխանող կողմը տարօրինակ ձգձգում էր, երևի հույս ուներ օրենքից դուրս գտնվող հարթության վրա ինչ-որ հարցեր լուծել, որպեսզի հասնի իր ապօրինությունների կոծկման նպատակին: Անգամ գնացին այն բանին, որ մի քանի անգամ նիստերը հետաձգելուց հետո, արդեն պիտի հերթական նիստը պետք է կայանար, փոխում են ներկայացուցչին: Իսկ մինչև այդ, պատասխանողի ներկայացուցիչը տեղեկանքներ է բերում, որ հիվանդ է կամ երկրից բացակայում է: Ակնհայտ է, որ պատասխանող կողմը չարաշահում է իր դատավարական իրավունքները, դատարանը չէր կարող այդքան տեղիք տար: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը իսկապես խորամուխ է եղել գործի հանգամանքների մեջ, պարզել է, որ հայցվոր կողմի հիմնավորումները լրիվ ճիշտ են, կողմի դիրքորոշումները կատարվածի նկատմամբ բավական իրավաչափ և օրինական են: Կայացվել է համապաասխան ակտ՝ փոխել առաջին ատյանի դատարանի պարզապես ապսուրդ վճիռը, որը ծափահարություն էր ընդամենը քաղաքապետին, ցավոք սրտի ունենք նաև այդպիսի դատավորներ: Ես ուրախ եմ, որ Հայաստանում կայացվում են նաև իրավաչափ, արդարությանը համաչափ ակտեր:

-Պարոն Կոստանյան, ի՞նչ եք կարծում, պատասխանող կողմ կբողոքարկի՞:

-Դա իրենց իրավունքն է:

**-Իսկ եթե չբողոքարկի: **

-Չբողոքարկելու դեպքում օրենքով սահմանված կարգով 1-ամյա ժամկետը անցնելուց հետո պատասխանող կողմը՝ Հրազդանի քաղաքապետը պարտավոր է արձակել կարգադրություն դատարանի վճիռը կատարելու մասին՝ Անահիտ Նազարյանին վերականգնել իր պաշտոնում, նրան վճարել 1 տարվա միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի համար: Թող Հրազդան քաղաքի բնակիչները մտածեն, որ այդքան սուղ բյուջեն քաղաքապետը ծախսում է իր սեփական կամայական քմահաճույքների համար: Եթե այդ ակտը չկատարի կամովին, ապա կգա հարկադիր կատարողը և կստիպի քաղաքապետին կատարել օրենքի պահանջները:

Մի քանի հարց էլ ուղղեցինք Հրազդանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գոռ Մաթեւոսյանին:

-Պարոն Մաթեւոսյան, ի՞նչ եք պատրաստվում անել, համակերպվե՞լ, թե բողոքարկել:

-Բողոքարկելու ենք:

-Սպասելի՞ էր, որ նման վճիռ կայացվեց:

-Բնականաբար, ոչ:

-Դուք պարբերաբար բացակայում էինք նիստերին, ինչո՞ւ:

-Մի անգամ երկրում չէի, մեկ անգամ էլ վատառողջ էի:

-Վճռաբեկում դո՞ւք եք կրկին պաշտպանելու Հրազդանի քաղաքապետարանի շահերը։

-Չգիտեմ, դա համայնքապետարանի համապատասխան բաժինը պետք է որոշի , համայնքապետը պետք է որոշի:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի ապրիլի 28-ին Հրազդանի քաղաքապետարանում կայացած ավագանու նիստում քննարկվեց ու որոշում կայացվեց քաղաքապետարանի բաժինների օպտիմալացման մասին, ներկայացվեց, որ 63 հաստիք արդեն ուժը կորցրած է, ինչի պատճառով շատ աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից՝ այդ թվում Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախկին պետ Անահիտ Նազարյանը: Հայց ներկայացնելով դատարան, Անահիտ Նազարյանը պահանջում է իրեն պաշտոնում վերականգնել, պաշտոնից ազատելու Հրազդան համայնքի ղեկավարի կարգադրությունը առոչինչ և անվավեր ճանաչել եւ օրենքով սահմանված վճարումները բռնագանձել:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X