Ձեր գեղեցիկ աղբամանները ձեր գլխին կպնեն

Երևանի Աճառյան փողոցի 22 շենքը մայրաքաղաքի այն հազվագյուտ շենքերից է, որի բնակչության 90 տոկոսը միշտ քվեարկում է ՀՀԿ-ի և Տարոն Մարգարյանի օգտին: Չեմ կարող ասել՝ ինչից է: Ոչ էլ տեսել եմ, որ մեր շենքում փող բաժանեն: Հարևաններս երդվում են՝ երկինք, գետին՝ այդպիսի բան, այսինքն՝ ընտրակաշառք չկա:

Ես հիմքեր չունեմ հարևաններիս չհավատալու, բայց հավատալու դեպքում էլ բնական հարց է առաջանում՝ ՀՀԿ-ի ու Տարոն Մարգարյանի այդ ո՞ր բարեմասնությունների համար են իմ հարևանները միշտ և կուռ շարքերով քվեարկում նրանց օգտին: Որ ասեմ՝ շքամուտք են սարքել, բակում լավ ասֆալտ են արել, կանալիզացիայի խողովակն են սարքել՝ չէ: Անցյալ տարի եկան տանիքը սարքեցին, իսկ երբ շինարարները հեռացան, անձրևաջուրը լցվեց 5 հարկանի շենքի ընդհուպ 4-րդ հարկի տները:

Չուրանամ, մի քանի կոսմետիկ բաներ արել են մուտքերում՝ պատերի հետ ներկելով նաև բնակարանների դռները: Գոնե այդքանից հետո մեզ հանգիստ թողնեին:

Հիմա էլ բերել, «Սանիթեքի» երկու աղբաման են տեղադրել մեր պատշգամբների տակ ու մեզ դատապարտել դրանց գարշահոտը անընդհատ շնչելու տառապանքին: Ախր ինչի՞ համար: Այդ աղբամանները երբեք այդտեղ չեն եղել, աղբը թափում էինք հարևան բարձրահարկի փակ աղբանոցում, որը դատարկվում էր ամեն օր: Իսկ ի՞նչ է տեղի ունենում հիմա: Աղբը տանում են 2, երբեմն էլ 3 օրը մեկ, և գարշահոտ է տիրում թե բարձրահարկի շրջակայքում, թե մեր պատշգամբների տակ, որոնք միակ հնարավորությունն են մի փոքր մաքուր օդ շնչելու համար:

Ամենայն հավանականությամբ քթի ծակ պետք էր ունենալ ու նման բան չանել, մանավանդ որ մեր շենքի մուտքերը բացվում են հակառակ կողմում, և բնակիչներից ոչ ոք չի շրջանցում շենքը, որպեսզի աղբը հասցնի աղբարկղերին: Դրանք լցվում են բոլորովին կողմնակի աղբով և չեն ծառայում շենքի աղբահանությանը, որի համար, ի դեպ, թաղապետարանում լիուլի վճարում ենք:

Քաղաքապետարանի կողմից այս հարցը չլուծվելու դեպքում, խոստանում ենք դիմել առողջապահության նախարարին: Նրա մոտ լավ է ստացվում ծխելու դեմ պայքարը և, գուցե, հաջողվի նաև ուշքի բերել բնակչությանը գարշահոտով ու ճանճերով թունավորող քաղաքապետարանին, ինչու ոչ, նաև քաղաքապետին:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X