Քրեածին իրավիճակ

Ավարտվեց մեր թերթի կարճատեւ արձակուրդը, որից վերադառնալով՝ առաջին գործը, որ, բնականաբար, արեցինք, այս 14 օրվա իրադարձությունների խրոնիկային ծանոթանալն էր։ Եթե քաղաքական առումով այս երկու շաբաթը բավականին պասիվ ու իրադարձություններից զերծ օրեր էին, ապա մյուս բոլոր առումներով այն բավականին «ակտիվ» է եղել։ Գործադիր եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ակտիվորեն աշխատել են, բայց հատկապես «ակտիվ» գործել են իրավապահները, քանզի այս ընթացքում դատերի եւ հանցագործությունների պակաս չի եղել, հատկապես՝ ծանր հանցագործությունների։ Մի տեղ կինն է սպանել ամուսնուն, մյուս տեղում ամուսինն է կնոջը մահվան դուռը հասցրել։ Թաղման ժամանակ, երբ բոլոր երկոտանիները հարգում են մարդկանց սուգը, մտել ու սգո սրահում անկանոն կրակահերթ են բացել, արդյունքում 4 մարդ հենց տեղում է մահացել, ծանր վիրավորներ կան։ Սակայն մեծ թվով մարդկանց ներկայությամբ կատարված այս հրեշավոր արարքի հեղինակին հորեղբայրը փախցրել է, եւ նա հիմա հետախուզման մեջ է, անգամ դրամական պարգեւ են խոստանում տեղը հայտնողին։ Մեկ այլ վայրում՝ վեճի արդյունքում մարդը սրտի կաթվածից մահացել է, բայց որդին որոշել է, որ վիճաբանողներն են մեղավոր, եւ իր ձեռքով պետք է «սամասուդ» անի՝ վերադարձել ու հրազենով սպանել է 28-ամյա երիտասարդ մի տղայի։ Մեկ այլ արտառոց դեպք․ Դավիթաշենում, տան բակում հրետանային արկ է պայթել՝ մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել։ Մեկ այլ վայրում ընկերները կերել-խմել են, ապա տանտերը դանակը խրել է հյուրի սիրտը։ Հաղարծին վանքի մերձակայքում դիակ են գտել՝ կոկորդին կպչուն ժապավեն փաթաթած։ Ըստ Քննչական կոմիտեի, 32-ամյա զոհին, որին հուլիսի 31-ից փնտրելիս են եղել հարազատները, պարզապես խեղդամահ են արել։ Աշխարհը կարծես խենթացել է։

Մեկնաբանություն
X