Թե ինչպես Լևոն Ալթունյանն իրեն «վերահսկող» մարմնի ղեկավար նշանակեց

Հին տեսչությունները, որոնք գործում էին նախարարությունների կառուցվածքում, կաշխատեն մինչեւ օգոստոսի 20-ը։ Այդ օրվանից կսկսվի տեսչական նոր մարմինների գործունեությունը։ Ենթադրվում է, որ դրանք ավելի քիչ են լինելու՝ 6-7 մարմին, ունենալու են նվազ աշխատակազմ եւ, ամենակարեւորը՝ գործելու են ոչ թե նախարարություններին, այլ կառավարությանը կից, անկախ են լինելու նախարարներից, ավելի անաչառ ու օբյեկտիվ են հսկելու վերջիններիս աշխատանքը։ Բայց այս օրերի փորձը վկայում է, որ օբյեկտիվությունն ու անկախությունը ցուցադրական են։ Տեսչական մարմինների ղեկավարներին ներկայացնող խորհուրդների նախագահներն օրենքով նախարարն է կամ նրա տեղակալը։ Նախարարներն ամեն ինչ անում են տեսչական մարմնի ղեկավարի աթոռին իրենց մարդկանց նստեցնելու համար։

Առողջապահական տեսչական մարմինը, որը միավորել է 2՝ ԱՆ եւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարությունների տեսչությունները, արդեն ունի նոր ղեկավար՝ Լեւոն Ալթունյանի օգնական Գարուշ Հովհաննիսյան։ Առողջապահության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանի եւ նախարար Ալթունյանի ջրերը մի առվով չհոսեցին ի սկզբանե, եւ նախարարը նրան չվստահեց նոր տեսչական մարմնի կառավարումը։ Մեր տեղեկություններով, Պուրտոյանին առաջարկվել է զբաղեցնել պետի տեղակալի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է։ Իսկ Գարուշ Հովհաննիսյանը, որն առողջապահության համակարգում ընդամենը փետրվարից է, ըստ ներքին աղբյուրից ստացած տվյալների, Ալթունյանի «պրոտեժեն» է։ Լեւոն Ալթունյանի լիարժեք հովանավորությունը վայելող այս երիտասարդին իր կարգավիճակին եւ աշխատանքային փորձին անհամապատասխան իշխանություն է տրվել նախարարությունում։ Պոլիտեխնիկն ավարտած Հովհաննիսյանի ինքնակենսագրականում հիմնականում բանկերի անվանումներ են՝ «Converse Bank», «BTA investbank», «ANELIK» ՓԲԸ, նաեւ «ՀայՌուսգազարդն» է նշված, նույնիսկ զինդատախազությունը, բայց ոչ մի առողջապահական կամ սոցապահովության հիմնարկ։ Զարմանալի չէ, որ Գարուշ Հովհաննիսյանի թռիչքը բանկային համակարգից առողջապահական՝ կոլեկտիվի կողմից այնքան էլ լավ չընդունվեց։
Հուլիսի 18-ին Լեւոն Ալթունյանն առաջարկել է իր օգնական Գարուշ Հովհաննիսյանին նշանակել առողջապահական տեսչական մարմնի ղեկավար։ Նա տեսչական բարեփոխումների հանձնաժողովի նիստում առաջարկված միակ թեկնածուն է եղել։ Նախարարի առաջարկին ընդդիմացել է միայն Ամերիկյան համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վ․ Պետրոսյանը։ Նա հարցրել է, թե ինչու է նախարարը միայն մեկ թեկնածու առաջարկում, նաեւ մտահոգություն է հայտնել ավելի բարձր որակավորման մասնագետ ընտրելու հնարավորություն չունենալու կապակցությամբ, նույնիսկ առաջարկել է հետաձգել նիստը՝ նոր, ավելի պատրաստված թեկնածուներ ներգրավելու համար, բայց նրա առաջարկը չի անցել։ Լեւոն Ալթունյանը պատասխանել է, որ ժամանակ չկա նման հետաձգումների համար։ Իսկ Արդյունաբերողների միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը հրապարակավ հաճոյացել է նախարարին՝ կոչ անելով հաշվի առնել ժամանակի սղությունը եւ վստահել Լեւոն Ալթունյանին։ Խորհուրդը 8 կողմ եւ 1 դեմ ձայներով հաստատել է Հովհաննիսյանի թեկնածությունը՝ առաջարկելով վարչապետին նշանակել նրան տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։ Մեկ «դեմն» Ամերիկյան համալսարանի պրոֆեսորն է եղել, որը կախում չունի, փաստորեն, ՀՀ կառավարման համակարգից։ Այսպես՝ առողջապահության նախարարն իրեն վերահսկող տեսչական մարմնի ղեկավար է ընտրել։ Իսկ բարեփոխումների խմբի ղեկավարը չի մասնակցել նիստին։
Սակայն պարզվում է՝ Գարուշ Հովհաննիսյանի նշանակման հետ կապված՝ լուրջ խնդիր կա։ Ըստ տեսչական մարմնի կանոնադրության, դրա ղեկավարը պետք է վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենա։ Մասնագիտական ստաժ Գարուշ Հովհաննիսյանը չունի, իսկ աշխատանքային ստաժը 5-6 ամսով պակասում է պահանջվող չափից։ Այնպես որ՝ նրա նշանակումն օրենքի կոպտագույն խախտում է։ Սակայն ղեկավարությունն այնքան շատ է ցանկացել այս պաշտոնում տեսնել երիտասարդին, որ, անտեսելով օրենքի պահանջը, անցյալ շաբաթ արդեն Գարուշ Հովհաննիսյանին ներկայացրել են տեսչության կոլեկտիվին։ Ներկայացնողը եղել է առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին։ Ներքին աղբյուրից ստացված տեղեկություններով, Գարուշ Հովհաննիսյանի նշանակման վերաբերյալ հրաման դեռ չկա, բայց նա, հրամանագրված չլինելով, արդեն ինքն է գրավոր հրամաններ արձակում։
Երեկ Գարուշ Հովհաննիսյանին հարցրինք, թե արդյոք նա հրամանագրվա՞ծ աշխատող է եւ պետական կառավարման ինչ ստաժ ունի։ Նա պատասխանեց, որ խորհրդակցության է, եւ առանց հետագա հարցերը լսելու անջատեց բջջայինը։ Նշանակումից հետո մեկշաբաթյա ժամկետում, ըստ գործադիրի կողմից հաստատված կարգի, տեսչական մարմնի ղեկավարը պետք է վարչապետի հաստատմանը ներկայացնի աշխատողների թիվը։ Տեսչության մոտ 400 աշխատողների կեսը պետք է կրճատվի։ Նրանց բոլորին ժամանակին ծանուցել են կառուցվածքային փոփոխությունների, ուստիեւ՝ հնարավոր ազատումների մասին, եւ այժմ տեսուչները ցայտնոտի մեջ են։ Նրանք խուճապահար մարդ են «ճարում», ծանոթ-բարեկամներ են մեջ գցում, խոստանում են «լավության տակից դուրս գալ», ամեն ինչ անում են, որ հանկարծ չընկնեն կրճատման տակ։ Բայց ամբողջ զավեշտն այն է, որ այս մարդկանց ճակատագիրը որոշում է մի մարդ, ով ինքն իրավունք չունի այս պաշտոնն զբաղեցնելու։ Ի վերջո, օրենքի պահանջը մեկն է ու պարտադիր է բոլորի համար՝ անգամ նախարարի ու վարչապետի սիրելիների։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X