ՓՊ ներկայիս նախագահը դեռ մրցակիցներ չունի

Խոստումնառատ սեպտեմբերի կարեւոր իրադարձություններից մեկն էլ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունն է։ Փաստաբաններն իրենց համայնքի ղեկավարին ընտրելու են սեպտեմբերի 9-ին, իսկ, ահա, ինքնառաջադրման պրոցեսն արդեն սկսված է, առայժմ միայն ՓՊ ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանն է հայտարարել իր առաջադրման մասին։ ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ այլ առաջադրումներ դեռեւս չկան՝ երեկվա դրությամբ։ Փաստաբանական համայնքի այն ներկայացուցիչներն էլ, որոնք արդեն տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում են պալատում տիրող անառողջ մթնոլորտի մասին, դեռ լռում են, այլ կերպ ասած՝ ընդդիմադիրներից դեռ հայտարարություն չի եղել։ Երկար ժամանակ խոսվում էր, որ գալիք ընտրություններին պայքարի է դուրս գալու նախկին ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը, օրեր առաջ մեզ հետ զրույցում պարոն Սահակյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր իր առաջադրման մասին խոսակցություններրը․ «Դա պարզ կլինի օգոստոսի 17-ին, այս պահին ոչինչ չեմ կարող ասել»։ Փաստաբան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենց համախոհներից առաջադրվողներ կլինե՞ն, թե՞ ոչ։

- Պարոն Վարոսյան, Ձեզ համար սպասելի՞ էր Արա Զոհրաբյանի թեկնածության առաջադրումը, եւ ինչպե՞ս եք գնահատում նրա շանսերը։

  • Ինձ համար անակնկալ չէր նրա առաջադրումը, բացարձակ։ Ինձ ակնհայտ էր, որ եթե նա չի նշանակվելու որեւէ պետական պաշտոնի, ապա կշարունակի զբաղեցնել ՓՊ նախագահի պաշտոնը։ Նրա շանսերը գնահատում եմ շատ բարձր, այնքանով, որքանով բարձր կլինեին ՓՊ նախագահի պաշտոնն զբաղեցնող ցանկացածի շանսերը։ Պարզ է, որ պալատն այն տեսքով, ինչ տեսքով որ կա, բացառում է որեւէ այլընտրանքի գոյությունը, վարչական ռեսուրսի ազդեցությունն ընտրություններին ինչպես եղել է որոշիչ, որոշիչ էլ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ այդ կառույցն ունի այդ տեսքն ու կառուցվածքը։

- Արդյոք ձեր համախոհներից կլինե՞ն մարդիկ, ովքեր եւս կառաջադրեն իրենց թեկնածությունը։

  • Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ ասել է համախոհ, սա քաղաքական պայքար չէ, բոլորս փաստաբան ենք, ու ես հարգում եմ բոլորին, ովքեր կարծիք ունեն ու չեն վախենում իրենց կարծիքն արտահայտել, անկախ այն հանգամանքից՝ այդ կարծիքի հետ համաձայն եմ, թե ոչ։ Կառաջադրվեն այդպիսի մարդիկ, թե ոչ, ես չգիտեմ։ Առաջադրումն ավարտվելուց հետո, եթե կարծիքս հետաքրքիր լինի թեկնածուների մասին, կներկայացնեմ այն։

ՀԳ․ Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ նախորդ ընտրություններին ներկայիս նախագահի մրցակից փաստաբան Տիգրան Աթանեսյանն այս անգամ չի առաջադրվելու, նա մեզ հայտնել էր նաեւ, որ նույնիսկ չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը։ Թեկնածուների առաջադրումը կավարտվի օգոստոսի 17-ին։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X