Վերնիսաժում կարգելեն միայն մուղամ երաժշտությունը, բայց ոչ դրա վաճառքը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի առաջարկով քաղաքապետարանն օրեր առաջ որոշում է կայացրել արգելել մուղամ հնչեցնել Վերնիսաժի տարածքում:

Թե ինչն առիթ հանդիսացավ նման առաջարկով հանդես գալու համար, Արայիկ Հարությունյանն ասում է, որ մշտական դիտարկումների արդյունքում է նման մտահղացում առաջացել, բացի դա, վերջերս 2 նամակ է ստացել քաղաքացիներից, ովքեր բողոքել են, որ Վերնիսաժի այն կետերում, որտեղ ձայնային կրիչներ են վաճառում, բավականին անճաշակ ու անորակ երաժշտություն է հնչում:

Ըստ Հարությունյանի, Վերնիսաժն այն առաջին վայրերից մեկն է, որտեղ զբոսաշրջիկները շփվում են հայկական արհեստների ու արվեստների հետ, ու նման երաժշտությունը կարող է այլ տպավորություն ստեղծել հայկական միջավայրի մասին։ Դրա համար առաջարկել է այդ երաժշտության փոխարեն որոշակի մի երաժշտացանկ սահմանել, որտեղ կլինի հայկական միջավայրին բնորոշ երաժշտություն։ «Այդ որոշումից հետո եղան տարբեր մեկնաբանություններ, թե տվյալ ոճի երաժշտությունն արգելվում է, ցենզուրա են մտցնում եւ այլն, բայց դա ամենեւին այդպես չէ, քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող օբյեկտներում ինքն է որոշում, թե տվյալ օբյեկտն ինչ միջավայր է ստեղծում եւ ըստ դրա էլ արդեն որոշումներ է կայացնում: Մուղամի կամ կլկլոցի ձայնային կրիչների վաճառքն այդտեղ չի արգելվել, այսինքն՝ կրպակատերերն ազատ են ցանկացած տեսակի երաժշտություն վաճառել, այդ սահմանափակումը վերաբերում է միայն Վերնիսաժում միացվող բարձրաձայն երաժշտությանը, դրանից ավել սահմանափակում չկա»,- ընդգծեց Հարությունյանն ու հավելեց, որ պատրաստվում է որոշ ժամանակ անց այցելել Վերնիսաժ եւ տեսնել, թե ընդունված որոշումը որքանով է պահպանվում:

Մուղամ ասելով՝ ռաբի՞ս երաժշտությունը նկատի ունի։ «Այո, այդ ռաբիս, անճաշակ, արվեստի հետ կապ չունեցող երաժշտության մասին է խոսքը, որի որակումները, բնորոշումները, անհրաժեշտ ցանկն արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն իրենց մասնագետների միջոցով պետք է որոշեն: Այսինքն՝ իրենք ոչ թե սահմանազատելու են, թե որն է մուղամ, որը՝ չէ, այլ նշելու են այն երգացանկը կամ երաժշտությունը, որ անհրաժեշտ է այդտեղ ապահովել, որպեսզի այդ միջավայրն ստեղծվի»: Արայիկ Հարությունյանը ծանոթ չէ քաղաքապետարանի կողմից ընտրված եւ ձեւավորված երգացանկին, եւ, ըստ էության, դա նրա համար այդքան էլ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ քաղաքապետարանը հետամուտ լինի իր կայացրած որոշմանը, եւ Վերնիսաժում չհնչի այնպիսի երաժշտություն, որը տուրիստներին ու մեր համաքաղաքացիներին կտեղափոխի ուրիշ տարածաշրջան:

Այն դիտարկմանը, որ այդ խնդիրը Վերնիսաժից բացի առկա է նաեւ այլ մշակութային եւ հասարակական օբյեկտներում, որտեղ տուրիստներ նույնպես շատ են լինում, Հարությունյանը նշեց, որ նման համակարգային հարցերն ընթացքում կդրվեն շրջանառության մեջ: Մասնավորապես, Ազատության հրապարակի շրջակա սրճարանների երգացանկի եւ մշտական աղմուկի հետ կապված բազմաթիվ բողոքներ կան, եւ ինքն այդ հարցը նույնպես բարձրաձայնել է, բայց սա էլ համալիր հարց է, որոնց, ըստ այդ մասնավոր դեպքերի, լուծումներ կտրվեն:

Արայիկ Հարությունյանի ուշադրության կենտրոնում է նաեւ քաղաքային տրանսպորտում հնչող բարձր երաժշտությունը։ Նա նկատում է՝ ներքաղաքային տրանսպորտում երաժշտությունը պետք է արգելվի՝ համաձայն 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի, որի 14-րդ հոդվածի 12-րդ կետը սահմանում է, որ «Ավտոմոբիլային կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում է ավտովարորդի եւ ուղեւորների կողմից ավտոբուսի ուղեւորասրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումներում...»։ Օրենքի այս դրույթի գործողությունը տրանսպորտում լիարժեք վերականգնելու համար Արայիկ Հարությունյանն արդեն դիմել է Տարոն Մարգարյանին։

Վերնիսաժի տնօրեն Պավել Գուրօղլյանին օրեր առաջ քաղաքապետարանից զանգել եւ զգուշացրել են՝ ոչ մի մուղամ: Ինքն էլ իր հերթին է խիստ ցուցումներ տվել ձայնային կրիչների վաճառքով զբաղվող կրպակատերերին, ավելին՝ ով չենթարկվի հրամանին, կազատի աշխատանքից: Ինչպես նշեց Գուրօղլյանը, Վերնիսաժի տարածքում 3 երաժշտական ձայնարկիչների կետ կա, որոնք հիմնականում շաբաթ-կիրակի օրերին են աշխատում: Տնօրենը չցանկացավ մեկնաբանել քաղաքապետարանի որոշման լավ կամ վատ լինելը, միայն նշեց, որ իրենց կողմից որեւէ խնդիր չի լինի:

Վերնիսաժում շրջելիս միայն մեկ ձայնային կրիչների տաղավար հանդիպեցինք, որտեղից դուդուկի ձայն էր հնչում: Տաղավարի տերը չցանկացավ ներկայանալ, միայն նշեց, որ 15-16 տարի երաժշտական սիդիներ է վաճառում այստեղ, իսկ քաղաքապետարանի ընդունած որոշման մասին մեզնից իմացավ. «Եթե այդպես են որոշել, մենք էլ չենք միացնի, ի՞նչ կա որ»: Ըստ կրպակատիրոջ, մուղամ կոչվող այդ երաժշտությունն առաջին հերթին հենց տուրիստներն են պահանջում: Ինչ վերաբերում է իրեն, ապա երբեք երաժշտությունը չի բարձրացրել, եթե խնդրել են մի փոքր ցածրացնել՝ ընդառաջել է. «Ինչի տակ մարդիկ երգում-պարում-ուրախանում են, այդ երաժշտությունն էլ ուզում են առնել, ոչ ոք խնջույքների ժամանակ Եկմալյան, Բաբաջանյան, Խաչատրյան չի լսում: Շատ հաճախ դուդուկ ես միացնում, գալիս ասում են՝ հո թաղում չէ՞, ուրախ բան դիր...: Այսինքն՝ դա դեռ իմ ճաշակի մասին չի խոսում, որովհետեւ տանը ես կարող է Եկմալյան եմ լսում....: Հետո, ես ուղղակի զարմանում եմ՝ երկրում այնքան շատ խնդիրներ կան, որ դրանք թողել են ու ընկել այս փոքր բաների հետեւից, հիմա եթե մեր ժողովրդի 99 տոկոսին կանգնեցնես ու հարցնես թե ինչ հագուստ է կրում՝ կտեսնես, որ թուրքական է, չէ՞...»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X