Պետություն չունե՞նք

Ընդամենը մեկ-երկու ամիս առաջ հանրապետության նախագահի ու վարչապետի մակարդակով անհանգստություն հնչեց անտառների խնամքի, ապօրինի ծառահատման հետ կապված․ մարդիկ ազատվեցին աշխատանքից, քրեական գործեր հարուցվեցին, հայեցակարգեր ու ծրագրեր սկսեցին մշակվել։ Բայց այն ժամանակ խոսքն ընդամենը տասնյակ, թող լինի՝ հարյուրավոր ծառերի մասին էր։ Ոչ ոք չէր սպասում, որ ամիսներ անց կխոսենք ծառերի սպանդի, անտառների զանգվածային ոչնչացման, հրո ճարակ դառնալու մասին, երբ ցավով կարձանագրենք, որ երկար տարիներ ու ահռելի միջոցներ են հարկավոր այս ամառվա կորուստները վերականգնելու համար։ Այդ կորուստները թերեւս համեմատական են միայն դաժան 90-ականների հետ, երբ մեր աչքի առաջ մերկանում էին անտառածածկ տարածքները՝ Երեւանի մերձակայքից մինչեւ Լոռվա գեղատեսիլ անտառներ։ Այն ժամանակ, սակայն, մարդը պատրաստ չէր համակարգային փոփոխություններին եւ անտառից պարտք էր վերցնում՝ հետ վերադարձնելու պայմանով։ Հիմա էլ մարդը պատրաստ չէ, բայց բնության արհավիրքներին։ 25 տարին բավարար չեղավ, որ մենք կազմ ու պատրաստ դիմավորենք մեզ մատուցվող իրավիճակները՝ պատերազմը, հրդեհները, հակառակորդի մատուցած անակնկալները, գերտերությունների անտարբերությունը, աշխարհաքաղաքական տարբեր փոփոխություններ։ Իսկ պետությունը հենց դրա համար է, այլ ոչ թե լոզունգներ հռչակելու եւ մարդուց անկախ իր գոյությունը քարշ տալու։ Պետական այրերն էլ պետք է ոչ թե բյուջեից փող ստանան կայուն իրավիճակներում ինքնահոսով ապրող հասարակությանը կողքից նայելու եւ կաբինետային տարբեր շոուներ բեմադրելու համար, այլ արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, հասարակական պաշտպանության բոլոր մեխանիզմները հստակ աշխատեցնելու եւ աղետների կանխարգելումը կազմակերպելու համար։

Մեկնաբանություն
X