Նույնիսկ հանդիպակաց հրդեհ ենք կազմակերպել՝ հրդեհը մարելու համար

«Հիմնականում բնակչության ոչ կշռադատված գործողությունների արդյունքում են հրդեհներ ծագում, եւ մեր բնակչության կողմից շատ-շատ որոշումներ, որոնք կառավարության կողմից ընդունված են, անտեսվում են»,- ասում է «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը։ Հրդեհը կարծես չի ուզում նահանջել, որոշ տեղերում հաջողվել է մարել կրակը, որոշ տեղերում պայքարը շարունակվում է։

- Պարոն Կարապետյան, վերջին անգամ նման հրդեհներ ե՞րբ են եղել։

  • Նախ ասեմ, որ հրդեհների համար առաջին հերթին նպաստավոր պայմաններ են ստեղծվել արտակարգ շոգ իրավիճակի պատճառով։ Գիտենք, որ այս տարածքներում խոտածածկույթը լավ չորացած է, եւ, ոնց որ ասած՝ ամեն ինչ պատրաստվել է բնության կողմից, որ մի կայծից հրդեհ բռնկվի։ Նման դեպքեր ես չեմ կարող հիշել, բայց, ինչպես նայեցի, 20-25 տարիների ընթացքում այդպիսի ծավալով հրդեհ չի եղել։

- Սովորաբար նման հրդեհներից հետո որքա՞ն ժամանակ է պահանջվում անտառի վերականգնման համար։

  • Անտառի վերականգնման երկու տարբերակ կա՝ բնական ճանապարհով եւ արհեստական կամ մեր միջոցով։ Բնական ճանապարհով եթե մտածենք, որ պետք է վերականգնվի, օրինակ, Վայոց Ձորի անտառը, ապա այնպիսի անտառներ են, գիհուկներ են, լուսավոր մեր ռելիկտային անտառներից, որոնք շատ դժվար կվերականգնվեն բնական պայմաններում։ Առանց այդ էլ այդ անտառները ծայրահեղ դժվար բնակլիմայական պայմաններում աճող անտառներ են։ Պատկերացրեք, որ 200 տարեկան ծառեր են, բայց 4-5 մետր բարձրություն ունեն։ Իսկ մեր միջոցներով հնարավոր է, բայց շատ ջանքեր, շատ ֆինանսական միջոցներ կպահանջվեն, որ կարողանանք վերականգնել։

- Իսկ նման ծրագրեր կա՞ն։

  • Մենք ստացել ենք առաջարկություն տարբեր դոնոր կազմակերպություններից, մասնավորապես՝ Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից, որոնք իրենց աջակցությունն են հայտնել, որպեսզի օժանդակեն անտառի վերականգնման գործին եւ ոչ միայն անտառի վերականգնման, այլեւ պահպանման գործին։

- Իսկ հաշվարկներ կա՞ն, թե Սարավանի եւ Արտավանի անտառներում որքան տարածք է վառվել։

  • Ճիշտն ասած՝ մենք այս պահին նպատակ չենք դրել հաշվարկել, մեր համար 1 նպատակը հրդեհի տեղայնացումն է եղել, հրդեհի մարման աշխատանքների ճիշտ կազմակերպումն է եղել։ Հաշվարկներ մոտավոր էլի կան, բայց մինչեւ մենք մեր առաջին նպատակը չիրականացնենք․․․ փառք աստծո, հրդեհը գրեթե ամբողջությամբ մարված է, ժամը 11-ի դրությամբ ընդամենը մի քանի օջախներ էին մնացել ծխացող, բաց կրակ չկար։

- Պարոն Կարապետյան, մենք պատրաստ եղե՞լ ենք հրդեհներին, գոյություն ունի՞ հանքայնացված շերտ ասվածը, կամ հրդեհների լոկալիզացում արվե՞լ է։

  • Մենք հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում։ Ամեն տարի մենք յուրաքանչյուր տնտեսության համար, համաձայնեցված տեղական իշխանությունների, մարզային, արտակարգ իրավիճակների կառույցների հետ, մշակում ենք հակահրդեհային միջոցառումների ծրագիր, որոնք պետք է գործեն հրդեհավտանգ ժամանակաշրջանի համար, այդպիսի արտակարգ իրավիճակների դեպքում, սակայն երբեմն հրդեհն այնպիսի պայմաններ է մեզ թելադրում, որ այդտեղ ստիպված ենք լինում առանձնահատուկ միջոցառումներ ձեռնարկել։ Վայոց Ձորի հրդեհի հետ կապված, եթե մենք չունենայինք ծանր տեխնիկա, որը կարողացավ հանքայնացված շերտ ստեղծել՝ բավականին լայն հրդեհի առաջընթացը կանխելու համար, եթե չլիներ այդ տեխնիկան, մենք շատ ավելի մեծ կորուստներ կունենայինք եւ ավելի դժվար պայմաններում կհայտնվեինք։ Դրա համար մեր շնորհակալությունը պետք է հայտնենք «Լիդիան Արմենիան» կազմակերպությանը, որը հոժարակամ մեզ տրամադրեց երեք «Կամացու» տեսակի մեծ բուլդոզերներ, որով կարողացանք այդ դժվարին լեռնային պայմաններում մեր անհրաժեշտ աշխատանքները կատարել։

- Տպավորություն կա, որ մենք տեխնիկապես եւ, ընդհանրապես՝ պատրաստված չենք նման իրավիճակների։

  • Իզուր չէ ասված, որ հրդեհն արտակարգ իրավիճակ է։ Ես կհամեմատեմ հրդեհը պատերազմի հետ։ Մենք եթե չհամախմբվենք, եթե մեր բոլոր միջոցները չներգրավենք հրդեհի մարման աշխատանքներում կամ այս պատերազմին դիմակայելուն, իհարկե, պարտության ենք մատնված։ Դրա համար անհրաժեշտ միջոցները, մարդկային ուժը եւ համախմբված աշխատանքը պետք է միասին պայքարեն, որպեսզի այս պատերազմում, այս ճակատում մենք հաղթենք։ Հրդեհն անսպասելի գործողություններ շատ է անում՝ կախված քամու ուղղությունից, կախված կլիմայական պայմաններից, ռելիեֆից, ճանապարհների մատչելիությունից։ Այդ բոլոր պայմանները դժվարություններ են ստեղծում, որպեսզի մենք կարղանանք հաղթահարել հրդեհը։ Եթե տեխնիկայի մասին ենք խոսում, տեխնիկա կա, մարդկային ուժն էլ կա, բայց դրանց համախմբվելը, մեկ կենտրոնից ղեկավարելն ամենակարեւոր միջոցն է հրդեհի դեմ պայքարելու համար։

- Որը մենք ունե՞նք, թե՞ ոչ։

  • Ունենք, ցույց տվեցինք, որ կարողանում ենք հաղթահարել, նույն տիպի հրդեհ էր, որը հիմա Խոսրովում է գնում, ուղղակի կարողացանք այս իրավիճակը ճիշտ գնահատելով, ճիշտ տանելով՝ մենք նույնիսկ հանդիպակաց հրդեհ ենք կազմակերպել, որպեսզի առաջընթացը կանխենք, եւ դա էլ մարման մի եղանակ է, որը քիչ ծախսեր է պահանջում, բայց արդյունավետ միջոց է։

- Գիտենք, որ Խոսրովի արգելոցը ձեր իրավասության տակ չէ, այնուամենայնիվ, այս օրերին շատ քննադատություններ հնչեցին, որ գործողությունները, որոնք իրականացնում էին այնտեղ, ժամանակավրեպ էին։

  • Ես չեմ կարող Խոսրովի արգելոցի հրդեհային աշխատանքների վերաբերյալ ինչ-որ գնահատականներ տալ։

- Պարոն Կարապետյան, ասում են՝ հրդեհների գրեթե 90 տոկոսը մարդածին է, արդյոք դա չի՞ նշանակում, որ հանրությունը լավ ինֆորմացված չէ՝ ինչպես իրեն պահել անտառում։ Ո՞ւմ աշխատանքը պետք է լինի մարդկանց կրթելն ու իրազեկելը։

  • Մենք այստեղ լուրջ աշխատանք ունենք անելու, ես էլ եմ համամիտ Ձեզ հետ։ Շատ լուրջ աշխատանք կա անելու համայնքների հետ, բնակչության հետ։ Մեր կողմից, իհարկե, շատ քայլեր են ձեռնարկվել, հիմնականում բնակչության ոչ ճիշտ գործողությունների արդյունքում են հրդեհներ ծագում, այսինքն՝ անտառտնտեսության աշխատակիցները, անտառային սեկտորի աշխատողներն իրենք երբեւիցե հրդեհի աղբյուր կամ հրդեհի ծագման պատճառ չեն հանդիսանում, բայց մեր բնակչության կողմից շատ-շատ որոշումներ, որոնք կառավարության կողմից ընդունված են, անտեսվում են։ Մեր հորդորները, մեր ագիտացիոն աշխատանքը, որ համայնքներում անպայման տարվել է դեռ վաղ գարնանից, որովհետեւ դեռ վաղ գարնանն էլ է հրդեհների բռնկման հավանականությունը մեծանում։ Եվ այդպիսի ստատիստիկա ունենք, որ վաղ գարնանն էլ են հրդեհներ եղել, ինչի՞ համար՝ խոզաններն այրում են։ Առանց մտածելու, որ իրենց խոզանից անմիջապես հետո սկսվում է անտառը։ Օրենքով ամրագրված է, որ հրդեհավտանգ ժամանակահատվածում ընդհանրապես խոզանները, արտերը չհրկիզվեն, որպեսզի հրդեհի աղբյուր չհանդիսանան։ Այստեղ մեր աշխատանքը դեռեւս կարիք ունի ուժեղացվելու։

- Երբ քաղաքացին տեսնում է, որ հրդեհ է բռնկվել, եւ չի կարողանում այն կասեցնել, առաջին քայլերը որո՞նք են, որ պետք է կատարի։

  • Չվերահսկվող գործողությունները շատ սխալներ են իրենց մեջ պարունակում։ Առաջին հերթին իրազեկումն է կարեւոր, եւ պետք է զանգահարեն՝ թեկուզ մեկ կայծ տեսնելով, դա 10 րոպե հետո կարող է լինել այրվող մեծ տարածք։ Եթե չեն կարողանում կապվել ԱԻՆ-ի հետ՝ 911 համարով, գոնե համայնքի ղեկավարին կամ ինչ-որ մեկի միջոցով փոխանցեն եւ անմիջապես ձեռնամուխ լինեն մարման աշխատանքներին։ Բայց առաջին հերթին իրազեկեն, որ այդպիսի հրդեհ է ծագել, եւ անմիջապես հնարավորինս նպաստեն, որ հրդեհը ժամանակին լոկալացվի։

Ես նորից կուզենամ դիմել մեր ազգաբնակչությանը՝ հորդորելով, որ իրենց սեփական հողամասերում, հանդերում, արոտավայրերում կրակի բռնկման աղբյուր չհանդիսանան իրենց գործողություններով։ Շատ մտածված, շատ կանխամտածված գործողություններ պետք է անեն կրակի հետ առնչվելիս։

Սիրան ՀՈւՆԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X