ԱԻՆ-ը հրդեհը մարում է «պուլվերիզատորներով»

«Կարող եմ ասել՝ պետական մարմինների կողմից հանցավոր անգործություն էր, կարծես հատուկ ոչ մի բան չանեին, որովհետեւ ես չեմ հավատում, որ մի ամբողջ երկրում չկար անգամ տարրական տեխնիկա»,- նշում է բնապահպան Անի Խաչատրյանը, ով երեկ Հայկական բնապահպանական ճակատի հետ միասին եղել է Խոսրովի արգելոցում։ Բնապահպանը համոզված է՝ ԱԻՆ-ը կարող էր շատ բան անել, բայց չի արել։ Մենք Անի Խաչատրյանին խնդրեցինք պատմել, թե ինչ վիճակ էր արգելոցում, որտեղ 3 օր շարունակ չէին կարողանում շիջել հրդեհը։

«Մարդիկ ջրազրկվում էին, ու մենք խմելու ջուր չունեինք անգամ, որ խմեինք։ Տարրական դիմակներ, հագուստ՝ ոչ մեկի հագին չկար այդ ամեն ինչը։ Ես տնից սրբիչ էի վերցրել՝ հանգցնելու համար կրակը։ Իրականում շատ անկազմակերպ վիճակ էր»,- պատմում է Անին։ «Տեղում համակարգող մարդիկ չկային։ Այնպիսի տպավորություն էր, որ մարդկանց ուղղակի ուղարկել են այնտեղ թաց կտորներով ու ուսերին այդ 25 լիտրանոց պուլվերիզատորներով (հեղուկացիր), որ ոնց ուզում եք՝ հանգցրեք։ ԱԻՆ-ի հրամանատարներն իրենց համար քնում կամ հանգստանում էին բազայում, իսկ աշխատողներն էլ, բնականաբար՝ առանց որեւէ համակարգողի, քանի որ չկար ներկայությունը, ոնց ուզում՝ աշխատում էին, հիմնականում շատերը ոչ էլ աշխատում էին»։

Մենք հետաքրքրվեցինք․ բնապահպանները գնացել էին, որովհետեւ նրանց խնդրե՞լ են, թե՞ իրենց որոշումն է եղել։ «Մենք շուտվանից էինք ուզում գնալ, բայց չգիտեինք՝ գնանք, ի՞նչ անենք։ Մենք զանգեցինք ԱԻՆ, ձայանագրությունն էլ կա Բնապահպանական ճակատի էջում, ասացինք՝ չե՞ք ուզում մարդկանց մոբիլիզացիա հայտարարել, որ մարդիկ գան օգնեն, որովհետեւ նրանք ուզում են, բայց չգիտեն ուր գան, ինչ անեն։ Դուք հայտարարեք, համարներ տվեք, բայց մեզ պատասխանեցին, թե մենք կարիք չունենք, ամեն ինչ վերահսկողության տակ է, եթե ինչ-որ մարդիկ ուզում են օգնել, թող գան բազա, այնտեղ խոսեն»։

Բնապահպաններին, սակայն, անհանգստացրել են նույն օրն արգելոցից եկած տեղեկությունները, թե վիճակը գնալով վատանում է։ Անի Խաչատրյանը պատմեց, որ տեղեկությունն էլ արգելոցի ներսից են ստացել, նրա խոսքով՝ ԱԻՆ-ը փակ կառույց է հանրության համար․ «Ոչ մի նորմալ ինֆորմացիա մենք չենք ստանում, որ իմանանք, թե ինչ վիճակ է այնտեղ, այնպիսի տպավորություն է, կարծես ամաչում են խոստովանել, որ չեն կարողանում կրակի հախից գալ, ամաչում են խնդրել հանրությանը, որ եկեք օգնեք, բայց լիքը մարդ պատրաստ է գնալ օգնել։ Այնտեղ մենք ունեինք շատ լուրջ մարդկանց պակաս, որովհետեւ բերել էին զինվորներին, հիմնականում նրանք էին ջուրը կրում, բայց չի կարող մարդն այդ 30 կիլոգրամանոց սարքով անընդհատ բարձրանալ-իջնել, հոգնում են նրանք։ ԱԻՆ աշխատակիցներից շատերն ուղղակի տեղեկացված չէին, թե ինչ կարող են անել, իրենք չէին կարողանում, համակարգող էլ չկար, երեւի ԱԻՆ-ում չեն սովորեցրել իրենց ինչպես հրդեհ հանգցնել, ու իրենք չգիտեին ինչ անել։ Բացի այդ՝ մենք ունեինք ջրի պակաս»։

Սիրան ՀՈւՆԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X