Ահազանգ բնությունից

Խոսրովի անտառում հրդեհի լայնածավալ բռնկումը վերստին գալիս է մեզ ասելու, որ այլեւս հնարավոր չէ բնությանը, պետության ողջ բնաշխարհին՝ բուսական եւ կենդանական տեսականուն մոտենալ ուղղակի հորթային անտարբերությամբ։ Եվ առավել եւս տագնապեցուցիչ է այն փաստը, որ անխնա շահագործվում են հայրենիքիդ հանքերը, էլիտար որսորդների ոսկեջուր հրացաններից արձակվող գնդակներից սպանվում են բացառիկ կենդանատեսակներ, եւ հիմա էլ այս ամենին միանում է աղտոտված բնության կամայականությունը՝ արագացնելով այս սոսկալի ոչնչացման հավանականությունը։

Գլոբալ տաքացումը բնավ սարերի ետեւում չէ, տարեցտարի, մանավանդ ամռան ամիսներին, մոլորակի բնակչությունն զգում է այն փոփոխության ուժգնությունը (համենայնդեպս, այս պահին Պորտուգալիայում, Հունաստանում եւ այլ երկրներում նույնպես համանման ձեւով անտառներ են վառվում), ինչի մասին ուղղակի հատորներ էին գրվում, նկարահանվում էին վավերագրական ֆիլմեր, ուր հանրահռչակ աստղերի, նաեւ նախագահների մասնակցությամբ, նրանց հղած խոսքի միջոցով փորձ էր արվում պարզաբանել բնության մեջ խմորվող ողջ եղելությունը։ Նրանք մեծ կորպորացիաներին զգուշացնում էին սպասվող իրական աղետի մասին՝ կոչ անելով նվազեցնել մթնոլորտը թունավորող արտանետումների քանակը, որպեսզի քչանա մարդու տնտեսական գործունեությամբ ջերմոցային էֆեկտը, որը ծագում է մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետեւանքով։ Նրանք նաեւ բնակչությանն էին հորդորում, որպեսզի ավելի ուշադիր եւ հոգատար լինեն շրջակա բնության, կանաչ գոտիների նկատմամբ, երեխաներին, մարդուն ուղղորդեն դեպի բնաշխարհը։ Եվ սա առասպելաբանություն չէ կամ մարդկանց մոլորության մեջ գցելու հերթական հնար, ինչին համառությամբ չի ուզում հավատալ միլիարդատեր, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս տարվա հունիս ամսին Թրամփը պաշտոնապես հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս գլոբալ տաքացման դեմ պայքարի վերաբերյալ 2015 թվականին Փարիզում ստորագրված միջազգային համաձայնագրից։ Հավատարիմ մնալով նախընտրական արշավի ժամանակ տված իր հերթական ընչասիրական ու անխորհուրդ խոստումներից մեկին՝ Թրամփը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան հակոտնյա են միմյանց կապիտալիզմի համատեքստում արդյունաբերական գործառույթները եւ բնապաշարները, անգամ ողջ բնությունը, որն անխնա շահագործվում է խոշոր ձեռնարկությունների եւ անհատների կողմից։ Թրամփը նաեւ հայտարարել էր, որ իր երկիրը կդիմանա եւ, ավելին՝ գնալով կբարելավի ամերիկյան արդյունաբերության ներկայիս վիճակը, քանի որ եթե հետեւեին համաձայնագրի պայմաններին, ԱՄՆ-ն կարող էր 2,7 միլիոն աշխատատեղ կորցնել։

Իսկ մեզ մոտ, ահա, տասնյակ տարիներ յուրացվել է մեր հայրենի բնաշխարհը, վերածվել երկրից դուրս բերվող կապիտալի։ Կորսվածը վերականգնելու, կանաչ գոտիներ ավելացնելու ուղղությամբ որեւէ մեծածավալ գործառույթ այդպես էլ չի իրականացվել։ Խոսրովի անտառում բռնկված հրդեհը (որի ծագման պատճառը դեռեւս ուսումնասիրման փուլում է) պիտի որ բոլորիս ուղղված վերջին գույժը լինի, պիտի լինի այն ընկալումը, որ հենց յուրաքանչյուրիս հոգածությունից է կախված լինելու եթե ոչ մեր, ապա ապագա սերունդների որակյալ կյանքի ամբողջական հնարավորությունը։

Արամ
ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X