Վաճառքի հանված ամենախոշոր հիմնարկներից մեկը` բարդ պատմությունների կիզակետում

Կառավարությունը 2017-20 թվականներին մտադիր է վաճառել «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի պետական բաժնեմասը: Սա մեկն է այն 47 ընկերություններից, որոնք հանվել են վաճառքի: Ընկերությունը գտնվում է Երեւանի Արշակունյաց 67 հասցեում: Այն մասնավորեցման է ներկայացրել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Պետության բաժնեմասը կազմում է 38.14 տոկոս: Այն ներկայացված էր նաեւ պետգույքի մասնավորեցման 2015-17 թվականների ծրագրում:

Սա հսկայական հիմնարկ է, որը հիմնադրվել է 1993 թվականին, իսկ 2006 թվականից չի գործում: Գործունեությունից ի վեր կոնցեռնը բազմաթիվ պատմությունների մեջ է ընկել:
2006-ին «Դվին կոնցեռնին» դատի էր տվել «Դավիթ առեւտրի տուն» ԲԲԸ-ն՝ 9.6 մլն․ դրամ պահանջով: Շահեց 7.6 մլն․ դրամի մասով: Այս ընկերությունները հետագայում եւս իրավական խնդիրներ ստեղծեցին միմյանց համար: 2013թ. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր նույն առեւտրի տան՝ «Դվին կոնցեռնին» սնանկ ճանաչելու հայցը: 2009 թվականին կոնցեռնը պարտվել էր 27.5 մլն․ դրամանոց հայցով, որից 5 մլն․-ն չէր վճարել։ Կողմերը եկան համաձայնության, որ գումարը կվճարվի 3 ամսում:

2009 թվականին կոնցեռնը դատական քաշքշուկների մեջ էր «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի հետ: Սեփականության իրավունքի խնդիր կար: Գործը հասավ վճռաբեկ դատարան, բեկանվեց, այնուհետեւ կողմերը համաձայնության եկան Զաքյան փողոցի 10 ավտոտնակների շուրջ:

2011 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանին պատկանող Լուսակերտի թռչնաֆաբրիկան վաճառվել է «Դվին կոնցեռնին»:
2011թ. արդյունքներով մեկ մլն․ դրամ եւ ավելի ապառքի աճ ունեցող հարկ վճարողների ցանկի 43-րդ հորիզոնականում «Դվին կոնցեռնն» էր՝ 28 մլն․ 540 հազար 500 դրամ պարտքով: Սոցիալական վճարների գծով կուտակած պարտավորությունը գերազանցում էր 92 մլն․ դրամը:

2012 թվականին «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները պահանջում էին իրենց 4 տարվա աշխատավարձը: Նրանք 2010թ. ընկերության տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի դեմ հայց էին ներկայացրել Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, հաղթել, բայց, միեւնույն է՝ չէին ստացել աշխատավարձը: Նրանք պնդում էին, որ տնօրենը կարող է վճարել, քանի որ Լուսակերտի եւ Գետամեջի թռչնաֆաբրիկաների, Եղվարդի խոզաբուծարանի, Հրազդանում գտնվող ալրաղացի, «Նորք» հյուրանոցի, երշիկի արտադրամասի, կաշվի գործարանի, «Շկոդա» ավտոմեքենաների վաճառքի սրահի եւ այլնի սեփականատեր է:

09.07.2012թ. «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ն ճանաչվեց սնանկ: 2013-ին հոլդինգին սեփականության իրավունքով պատկանող եւ վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված երրորդ անձանց պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարվեց: Վաճառքի հանվեցին Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող արդյունաբերական նշանակության 4.20 հա հողամաս, արտադրական նշանակության 2992.8 քմ շենքեր՝ 238.383.000 դրամ մեկնարկային գնով, Շենգավիթում գտնվող հողամաս, պահեստ եւ շինություններ՝ 117 մլն․ դրամ մեկնարկային գնով: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող հողամաս, արտադրական նշանակության արտադրամաս՝ 273.167.000 դրամ մեկնարկային գնով: Վաճառքի էին դրվում շինություններ, հողամաս Հրազդան քաղաքում, Կոտայքի Գետամեջ գյուղում, մաշված ավտոմեքենաներ: Ընդհանուր մեկնարկային գումարը հասնում էր 800 մլն․ դրամի: Աճուրդի ճակատագրի մասին տեղեկություններ չկան:

Նախորդ տարի՝ 2016թ. մարտի 22-ին, Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարը որոշում կայացրեց գանձել ժամանակին չվճարված 1.3 մլն․ դրամ ապառքի ու տույժի գումարը: Այս կառույցը խնդիրներ ուներ նաեւ Երեւանի բնակիչների հետ:
Կառավարությունը 2008 թվականի նոյեմբերի 28-ին Երեւանի Տերյան եւ Պուշկինի փողոցների հատման տարածքի հասցեն ճանաչել էր բացառիկ գերակա հանրային շահ, այնուհետեւ որպես կառուցապատող ճանաչվել էր «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ն: Բնակիչները բողոքում էին փոխհատուցումից՝ պնդելով, որ գումարը քիչ է:

2010 թվականի օգոստոսի 5-ին կառավարության որոշմամբ «Դվին կոնցեռնի» լիազորությունն այդ տարածքի նկատմամբ վերացվեց եւ կառուցապատման իրավունքը վերապահվեց նոր՝ «Միլենիում Կոնտրակշըն» ՍՊԸ-ին:
Հետո «Դվին կոնցեռնը» սնանկացավ:

Բնակիչների բողոքները, սակայն, չդադարեցին: Նրանք պնդում էին, որ միտումնավոր է սնանկացել՝ պարտավորություններից խուսափելու համար: Մանավանդ որ, ըստ նրանց, երկուսի թիկունքում էլ նույն մարդիկ են, գործունեության հասցեն՝ նույնը:
Հետո բարձրացավ Աֆրիկյանների ակումբի հայտնի շենքի քանդման աղմուկը, որը եւս իրականացրել էր այս ընկերությունը:

«Դվին կոնցեռնի» անվան հետ կապված պատմությունները շատ են: Դրանցից մեկն էլ 13 տարվա վաղեմություն ունի, բայց ժամանակին մեծ աղմուկ հանեց: 2004 թվականի մարտի 7-ին Հասարակածային Գվինեայի իրավապահները վեց հայ օդաչուների էին ձերբակալել՝ մեղադրելով իրենց երկրում հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ: Օդաչուները Գվինեա էին մեկնել «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին պատկանող «Ան-12» տիպի ինքնաթիռով: Խնդրին խառնվեցին մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, Արա Աբրահամյանը։ Ի վերջո, 2005-ի հունիսին նրանք ներման արժանացան ու վերադարձան հայրենիք:

Մի խոսքով, կառավարությունն այժմ վաճառքի է հանել երկար ճանապարհ անցած այս ընկերության իր բաժնեմասը: Սա այն բացառիկ ընկերություններից է, որը, լինելով բավականին հզոր, զբաղվում էր ամեն ինչով՝ պարարտանյութերի ներկրումից մինչեւ էլիտար շինարարություն: Եթե կառավարությունը հայտարարում է, թե մասնավորն ավելի լավ է կառավարում, ապա այս հիմնարկի 60 տոկոսից ավելին մասնավոր էր, բայց, ինչպես տեսանք, կառավարումը ձախողել են:

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X