Թբիլիսիում Թումանյանի բնակարանը մշակութային կենտրոնի է վերածվել

Թբիլիսիում կայացել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը: Գրողի թբիլիսյան տունը գտնվում է Դավիթաշվիլու 18 հասցեում, որտեղ նա 1909-ից մինչեւ կյանքի վերջը՝1923 թվականը, ապրել է ընտանիքի հետ: 1952 թ․ արդեն տան իրերը տեղափոխվել են Երեւան, 6 սենյակներից 4-ը վերածվել են գրադարանի, իսկ մյուս 2-ը մնացել գրողի ժառանգներին: Ժամանակին հենց այս հարկի տակ են հյուրընկալվել Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Բրյուսովը եւ ուրիշներ, այստեղ են կազմակերպվել գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված եւ անտիպ երկերի քննարկումներ:

Դեռ 5 տարի առաջ՝ 2012թ․, լուրեր տարածվեցին, որ գրողի տան մի հատվածի սեփականատերը պատրաստվում է այն վաճառել թուրք-վրացական մի կազմակերպության: Այն ժամանակ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակցությամբ (ով 145 հազար դոլար տրամադրեց տան գնման եւ վերանորոգման աշխատանքների համար) ձեռք բերվեց բնակարանի գրադարանային հատվածը եւ փոխանցվեց վիրահայոց թեմին եւ վիրահայ համայնքին: 2015թ․ արդեն IDEA հիմնադրամի կողմից գնվեց նաեւ տան՝ ժառանգներին մնացած մասը, որից հետո տունն ամբողջությամբ նվիրաբերվեց վիրահայոց թեմին, որպես սեփականություն: Ի դեպ, տան հյուրերի հատվածը կկրի ՀԳՄ նախկին նախագահ Լեւոն Անանյանի անունը:

Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը, ի թիվս պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների՝ Վրաստանից, Հայաստանից եւ Ռուսաստանից, օրեր առաջ մասնակցել է նաեւ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ով իր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեց Թումանյանի տան բացվելու կապակցությամբ:

«Այդ շենքը շատ հարազատ շենք է իմ եւ մեր աշխատողների համար, դա մեր հանդիպման հասցեն էր Թբիլիսիում: Վերջին շրջանում, երբ այն արդեն հայկական կողմին էր պատկանում, Սրբազանը մեզ տրամադրում էր բանալին, մենք գնում-նայում էինք ներսը, իսկ հիմա ուրիշ զգացողություն էր, որովհետեւ դռները բացվել էին, շենքն ամրացվել էր, նորոգել էին, իհարկե՝ ժամանակակից ոճով: Թումանյանական մթնոլորտ, անշուշտ, չկար եւ վաղուց չկա, դեռ գրադարան եղած ժամանակ մենք եղել ենք այնտեղ, եւ էլի թումանյանական շունչը չկար: Այդ շունչը, ըստ երեւույթին, այն իրերի մեջ էր, որ հիմա պահվում է մեզ մոտ: Մեր թանգարանում թումանյանական ոգին ավելի շատ է, չնայած ինքն այստեղ չի ապրել, բայց այստեղ կան այն իրերը, որոնց ինքը դիպչել է»:

Հնարավոր չէ՞ր այնպես վերականգնել տունը, որ այդ կենդանի շունչն այնտեղ էլ զգացվեր։ «Ինչպե՞ս պետք է կենդանացնել, բոլոր իրերը մեզ մոտ են, Երեւանից դրանք հետ չէին գնալու՝ բացառված էր: Հետո՝ դա թանգարան չէ, այլ մշակութային տուն, որովհետեւ թանգարանային որեւէ նմուշ այնտեղ չկա: Դա պարզապես Թումանյանի ապրած բնակարանն է, որը մշակութային կենտրոնի է վերածվել եւ կոչվում է «Թումանյանի տուն», որի համար շատ լավ հասցե է ընտրված: Աշխատակազմն էլ շատ ջերմեռանդ, ազնիվ մարդիկ են, հիմա այնտեղ գիտական, կրթական աշխատախմբեր են ձեւավորում, որոնք իրենց օրակարգը կունենան, թե ինչով պետք է զբաղվեն, ինչ գիտական ուսումնասիրություններ անեն»:

Թե ինչ իրեր, գրքեր կամ առարկաներ են պահվում Թումանյանից նրա Թբիլիսիի տանը, Նարինե Թուխիկյանը նշեց, որ օրիգինալներից՝ ոչինչ, բացառությամբ մեկ հայելու, որը Թումանյանի ծոռնուհու տանն է եղել, ով բնակվել է տան մի հատվածում. «Այդ հայելին է, որի երկրորդ օրինակը կամ, այսպես ասած՝ քույրը մեր թանգարանում է: Այսինքն՝ Թումանյանից միայն այդ մեկ հայելին կա, մնացածը գրքեր են՝ հավաքված տարբեր տեղերից, նաեւ մենք ենք գրքեր տարել եւ էլի կուղարկենք: Այսինքն՝ գրադարանը համալրելու հարցում հանձնառու ենք: Որեւէ այլ օրիգինալ բան այնտեղ չկա եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ ամեն ինչ բերվել է Հայաստան, մեր թանգարանում է, իսկ հիմնական ձեռագրային մասը գտնվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում»:

Թուխիկյանը նաեւ բացառեց, որ Թումանյանի անձնական գրադարանից որոշ գրքեր կնվիրեն Թբիլիսիի նրա մշակութային տանը, քանի որ դա ազգային հարստություն է եւ պետք է պահվի միայն հայրենիքում. «Մենք հիմա կամաց-կամաց թվայնացնում ենք նաեւ Թումանյանի անձնական գրադարանը, այնպես որ՝ դրա կարիքն էլ չկա, բայց որոշ բաների կրկնօրինակներ մենք, անշուշտ, կուղարկենք, օրինակ՝ նույն բնակարանի վկայականը, որտեղ նշված է, որ այսինչ հասցեում գտնվող հարկաբաժինը պատկանում է Թումանյաններին եւ վաճառքի ենթակա չէ: Կան փաստաթղթերի բարձր որակի կրկնօրինակներ, որոնք կուղարկենք իրենց»:

Թբիլիսիում Թումանյանի մշակութային տունը եւ Երեւանում Թումանյանի թանգարանն արդեն համագործակցության նոր ուղիներ են նախանշել եւ առաջիկայում համատեղ կրթամշակութային ծրագրեր կիրականացնեն:

Սոնա
ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X