Տիկին Վարդուհին

Անահիտ ԹՈՓՉՅԱՆ

«Հայելի» ժողովածուից

Հյուրասեր տիկին Վարդուհուն սխալ հասկացան...

Տիկին Վարդուհին եկել էր Լոս Անջելես՝ աղջկա մոտ հյուր: Աղջիկն արդեն վաղուց էր ապրում այստեղ եւ հարմարվել էր նոր կյանքին: Նա գիշեր-ցերեկ աշխատում էր, որ մի կերպ գլուխը պահի, եւ տանը գրեթե չէր լինում: Այնպես որ՝ տիկին Վարդուհին աղջկա երեսը գրեթե չէր տեսնում: Ծանոթ հայ հարեւան էլ չուներ, որ հետը շփվեր... Անգլերեն էլ չգիտեր, որ օտարների հետ զրուցեր...

Բայց թե ինչպե՞ս դիմանար մենակությանը. ինչպե՞ս սուրճը մենակ խմեր... Սիրտն սկսեց նեղվել: Եվ մի օր էլ սուրճը եփեց ու... դիմացի հարեւանուհու դուռը զանգեց: «Փլիզ» ասելով եւ ոտքուձեռքով հասկացնելով՝ զարմացած տարիքոտ ամերիկուհուն մի կերպ ներս բերեց: Սուրճը փախլավայով համոզեց խմել, նարնջի հյութն էլ վայելեցին... Զարմացած ամերիկուհին «թենքյու» ասելով՝ հեռացավ: Տիկին Վարդուհին գոհ էր իր արարքից:
Հաջորդ օրը նույն ժամին տիկին Վարդուհին նորից դրեց սուրճը եւ նորից հարեւանուհու դուռը զանգեց... Հարեւանուհին, դարձյալ զարմացած, ընդունեց հրավերը... Մի քիչ վախեցած ըմպում էր սուրճը եւ շուրջն ուշադիր նայում: Հետո շտապեց հեռանալ, ինչ-որ անհասկանալի շարժումներ անելով... Թե ինչ էր ուզում հասկացնել, տիկին Վարդուհին այդպես էլ գլխի չընկավ:

Երրորդ օրն ամեն ինչ կրկնվեց. տիկին Վարդուհին դրեց սուրճը եւ հարեւանուհու զանգը սեղմեց: Հարեւանուհին երկար ժամանակ չէր բացում: Սակայն զգացվում էր, որ տանը մարդ կա... Տիկին Վարդուհին ժպիտը դեմքին համբերատար սպասում էր: Հետո նորից դուռը զանգեց: Սակայն բացող չկար: Նա անհանգստացած դարձավ իր բնակարան: «Տեսնես ի՞նչ է պատահել, որ չբացեց... Հիվանդ հո չէ՞...»:

...Ուշ երեկոյան, երբ աղջիկն աշխատանքից վերադարձավ, մորը տանը չգտավ: Նախ զարմացավ, հետո անհանգստացավ, չէ՞ որ մայրը տնից գրեթե դուրս չէր գալիս. վախենում էր: Ի՞նչ կարող էր պատահած լինել, ո՞ւր է կորել: Որոշեց տագնապ բարձրացնելուց առաջ հարեւանուհուն հարցնել՝ որեւէ տեղեկություն չունի՞ արդյոք, որեւէ բան չի՞ լսել կամ տեսել...
Հարեւանուհին հայտնեց, որ մորը եկան տարան: Հոգեբուժարանից: «Չէ՞ որ նա հիվանդ է. արդեն երեք օր է՝ գալիս է ինձ մոտ եւ ստիպում սուրճ խմել... Դուք, ինչ է, չգիտեի՞ք, որ նա հիվանդ է... Անուշադիր եք Ձեր մոր հանդեպ: Լավ չէ: Դե, ես էլ զանգեցի, որ գան տանեն... Որքա՞ն պիտի դիմանայի այդ բռնությանը»:

Եվ դուռն աղջկա երեսին փակեց:

Մեկնաբանություն
X