Վարչապետն արձակուրդի երեք օրերը հայրական «Կրպեդանց տա՞նը» կլինի․․․

Չեմ կարող ասել՝ դիվանագիտությու՞ն է դա, թե էություն, այնուհանդերձ արձակուրդի երեք օրերը Արցախում անցկացնելը Կարեն Կարապետյանի կողմից նուրբ քայլ է։

Եթե վարչապետն Արցախից չլիներ, միանշանակ քաղաքական ենթատեքստ կարող էինք փնտրել։ Բայց քանի որ նա Ասկերանի շրջանի Դաշբուլաղ, այժմյան Աստղաշեն գյուղից է ու այնտեղ է հայրական տունը․․․

Աշխարհում դրանից ավելի գեղեցիկ ու խաղաղ անկյուն կգտնի՞ մարդ․․․

Ինչքան գիտեմ, հրաշալի հայրական տուն ունի։ Գյուղի ամենաբարձր տեղն է կառուցված, թմբի վրա։ Տան վրա էլ գրված է՝ «Կրպեդանց տոն»։

Աստղաշենն իսկապես գեղեցիկ է։ Այնտեղ հողը փորելիս փոքրիկ աստղիկ քարեր կարող ես գտնել։ Հետաքրքիր է։ Պատմում են, որ զբոսաշրջիկներն էլ մեծ հետաքրքրությամբ փորում են հողը ու աստղիկներ հավաքում։

Կարեն Կարապետյանն արձակուրդի երեք օրերը իրենց Աստղաշենու՞մ կանցկացնի, որտեղ հողի միջից աստղիկներ են հանում․․․ Վարչապետն արձակուրդի երեք օրերը հայրական «Կրպեդանց տա՞նը» կլինի։

Մի անգամ պաշտոնյաներից մեկն ախ քաշեց, երբ հարցի՝ վերջին անգամ ե՞րբ եք տեսել ծնողներիդ։ Այնպես որ նախանձել կարելի է այն պաշտոնյային, ով իր հանգիստն անցկացնում է իր ծննդավայրում։

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականի օգոստոսի 15-18- ը ներառյալ արձակուրդի մեջ է։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X