Հայի հետին խելքը

Անկախության տարիներին մենք քաղաքական բոյկոտի բազում օրինակներ ենք տեսել՝ Ազգային ժողովի աշխատանքների բոյկոտ, Սահմանադրության հանրաքվեի բոյկոտ, սակայն բոլորն էլ, կարելի է ասել, ավարտվել են անարդյունք․ տեւական ժամանակ անց կա՛մ բոյկոտը դադարեցվել է, կա՛մ իշխանական ծրագրերը տապալել չի հաջողվել։ Բայց դա չի խանգարել, որ հանրության մի հսկա հատված շարունակի քարոզել բոյկոտի գաղափարը եւ անգամ կոչ անի չմասնակցել, բոյկոտել համապետական ընտրությունները։ Անցած տարվա աշնանը կայացած համայնքային ընտրություններից հետո, երբ Գյումրու եւ Վանաձորի ավագանիներում տեղ զբաղեցրին ընդդիմության ներկայացուցիչները՝ «Լուսավոր Հայաստան», ՀՎԿ, «Բարգավաճ Հայաստան», ԳԱԼԱ, սակայն միավորված ընդդիմությունը չկարողացավ քաղաքապետ ընտրել ու իր կամքը թելադրել, որոշվեց միավորված բոյկոտ կազմակերպել։ Դավաճանի պիտակ կրելու վախից ոչ մի ուժ տեւական ժամանակ չէր հանդգնում մասնակցել ավագանու նիստերին։ Առաջինն այդ արգելքը հաղթահարեց դավաճանի պիտակի հետ վաղուց ի վեր հաշտ ապրող ՀՎԿ-ն՝ Գյումրիում հայտարարելով բոյկոտը դադարեցնելու մասին։ Երեկ բոյկոտը դադարեցնելու որոշում կայացրեց նաեւ ԳԱԼԱ-ն, որն ամենաարմատականն էր այս հարցում եւ ամիսներ շարունակ բոցաշունչ հայտարարություններ էր անում ընդդեմ «Բալասանյան դաշինքի» ու իշխանության։ Գյումրու ընդդիմությունը, փաստորեն, զենքը վայր դրեց եւ սեպտեմբերից կմասնակցի ավագանու նիստերին։ Վստահ ենք, որ Վանաձորում եւս ՀՎԿ-ն կդադարեցնի բոյկոտը, մանավանդ՝ կուսակցության ղեկավարությունն այս հարցի լուծումը թողել է տեղական կառույցին։ Այնուամենայնիվ, փորձենք դատավորի դեր չստանձնել եւ սա բացատրել բոյկոտի անարդյունավետությունը գիտակցելու հանգամանքով։ Ի դեպ, մի բան, որն ի սկզբանե ակնհայտ էր։

Մեկնաբանություն
X