Ճամարտակության սահմանը

Ամերիկացի վաղամեռիկ արձակագիր Դեւիդ Ֆոսթեր Ուոլեսն իր հարցազրույցներից մեկում մտահոգություն էր հայտնում առ այն, որ ԱՄՆ-ում ժամանցային շոուները, զանազան ատրակցիոնները չափից դուրս որակյալ են դարձել, ինչի արդյունքում էլ ավելի մեծ տարածքներ են նվաճում։ Ամերիկյան ժամանցային իրականությունը թերեւս մեծ քայլերով առաջ է գնում՝ իր ետեւում թողնելով ամեն տեսակի նորաձեւությունների շրջագծից դուրս մղվող բովանդակ իրականության վավերականությունը։

1996 թվականին լույս տեսած «Անվերջանալի կատակ»՝ մոտ 1000 էջանոց վեպում Ուոլեսը մանրամասն ուսումնասիրում է ժամանցային իրականության առանցքը, դրա ներազդեցությունը մարդկային գիտակցության վրա։ Հետաքրքիր է, թե այժմ ինչպես կարձագանքեր Ուոլեսը՝ հետեւելով իր երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կենդանի շոուին, որի ականատեսն է ողջ աշխարհը։

ԱՄՆ-ում ժամանցային իրականության, կարելի է ասել՝ գլխավոր հիմնադիրներից մեկը՝ Դոնալդ Թրամփը, այս օրերին իր երկնային կամարաձեւ տարածությունից ոչ մի կերպ չի իջնում։ Դա խոստանում է անել Հյուսիսային Կորեայի «Մեծ հաջորդողը»՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության գերագույն առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը, ով սպառնում է ոչ միայն հիմնահատակ անհետացնել Դոնալդ Թրամփին, այլեւ փլուզել ԱՄՆ ողջ կապիտալիստական սիստեմը։ Հյուսիսային Կորեան լրջորեն սպառնում է, որ կհարձակվի եւ կոչնչացնի Գուամ կղզու վրա տեղակայված ամերիկյան ռազմաբազաները, ինչին Թրամփը պատասխանում է հիմնականում համանման հռետորաբանությամբ՝ հիշեցնելով ամերիկյան բանակի «musculus»-ի մասին, որին եթե հունից հանեն, ապա նրա ահռելի զորությունն ու զայրույթն իր մաշկի վրա կզգա յուրաքանչյուր «վատ» երկիր։
Բայցեւայնպես, ցամաքից ցամաք նետահարվող այս լեզվագարությունը ժամեր առաջ ավարտվեց Թրամփի թվիթերյան գրառմամբ, որում նա բարձր գնահատեց Գուամ կղզու վրա հարձակումը չեղարկելու մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի կայացրած, ըստ Թրամփի՝ «իմաստուն եւ փաստարկված որոշումը»։ Իսկ վայրկյաններ անց Թրամփը վերստին սղագրեց իր հիրավի զավեշտալի նշանաբանը՝ «Make America great again»:

Վերջին օրերին գերլարված են նաեւ Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները, որից բխում է արդեն ծանոթ միահանգույն լեզուն՝ ողողված եռուն, երեսանց լրջագույն, կյանքի կոչման լիարժեք հնարավորություն ունեցող սպառնալիքներով։ Անգամ քաղաքական խոշոր վերլուծաբաններ չեն կարողանում հստակ որոշել, քարտեզագրել այս ճամարտակության սահմանների թե՛ սկիզբը եւ թե՛ ավարտը։ Սա գնալով նմանվում է այն նույն անպարագրելի զավեշտախաղին՝ Դեւիդ Ֆոսթեր Ուոլեսի «Անվերջանալի կատակ» վեպի հեռուստասերիալին, որից հերոսները պարզապես կտրվել չեն կարողանում։ Փաստացի ժամանցային իրականության լեզուն վերածվում է մի յուրօրինակ, թերեւս քողարկված նիշերի համակարգի, որը կազմավորվում է իշխանության գերակայությամբ, ապա տարածվում մեդիաների միջոցով՝ էքստազներ, աֆեկտներ, վախեր փոխանցելով լեզվի սպառողներին, որպեսզի այն նորից ի հայտ գա նոր ուժգնությամբ։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X