«Սանիթեքի» աշխատակիցները մարդ են ծեծել․ վերջինս կաթվածից մահացել է

Hraparak.am-ի տեղեկություններով՝ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների և մի քաղաքացու միջև։ Ծեծկռտուքից հետո քաղաքացին մահացել է։ Վեճը ծագել է Չարբախում «Սանիթեքի» աղբատար մեքենաների լվացման պատճառով։ Բանն այն է, որ «Սանիթեքն» իր աղբատար մեքենաները լվանում է բնակելի թաղամասի մերձակայքում, լվացման հետևանքով աղբի ուժեղ հոտ է տարածվում, ինչն էլ դուր չի գալիս տեղի բնակիչներին։ Օրեր առաջ հերթական մեքենայի լվացման ժամանակ այդ առիթով վեճ է ծագել մի տղամարդու և «Սանիթեքի» աշխատակիցների միջև։ Վերջիններս վերցրել են այդ մարդու հեռախոսահամարը, հետո զանգահարել նրան և կանչել «հաշիվ մաքրելու»։ Տղամարդը «ռազբոռկային» մեկնել է որդու հետ։ «Սանիթեքի» աշխատակիցներն էլ, որոնք քանակով ավելի շատ են եղել, ծեծել են հորն ու որդուն՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ։ Մեր տեղեկություններով՝ հայրը ծեծից հետո սրտի կաթված է ստացել և մահացել։ Հարուցվել է քրեական գործ, տեղի է ունեցել դատաբժշկական փորձաքննություն, որը ֆիքսել է մարմնական վնասվածքների փաստը, սակայն սրտի կաթվածը, մեր տեղեկություններով, փորձաքննությամբ չի կապվել ծեծի հետ։ Այս ամենը ճշտելու և մանրամասներն իմանալու նպատակով դիմեցինք ՀՀ Քննչական կոմիտեին։ Այստեղից մեզ խոստացան ճշտել և տեղեկացնել։ Ավելի ուշ կհրապարակենք նաև ՔԿ պատասխանը։ «Սանիթեքից» էլ զանգերին պատասխանող չեղավ։

Մեկնաբանություն
X