Ինչու է Կարո Եղնուկյանը հրաժարվում ներկայանալ հաջորդ դատական նիստին

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, «Սասնա ծռերի» գործով կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանը դիմում է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, ՀՀ արդարադատության նախարարին և քրեակատարողական վարչության պետին՝ խնդրելով, որպեսզի իրեն, իր կամքին հակառակ, չտեղափոխեն հաջորդ՝ 23.08.2017թ. կայանալիք դատական նիստին: Կարո Եղնուկյանը պատճառաբանել է, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչի պատճառով ամեն անգամ իրեն տեղափոխելիս շոգից ինքնազգացողությունը կտրուկ վատանում է․ «Մի քանի անգամ եղել են դեպքեր, որ հասնելով դատարան, կարգադրիչները, տեսնելով վիճակս, առաջարկել են շտապօգնություն կանչել: Մեջքի ներվի բորբոքման, ողնաշարի ճողվածքի պատճառով ունեմ խրոնիկական ցավեր, որոնք ամեն անգամ ինձ տեղափոխելու ժամանակ, հատկապես նման անմարդկային պայմաններում, որոնց մասին հայտնել եմ նախորդ դիիմումում, սրվում են»,-նշվում է դիմումի մեջ։

Կարո Եղնուկյանը դիմումում նաև նշում է, որ 02.08.2017թ. իրեն «անիմաստ տարել են դատարանի շենքի նկուղ և 8 ժամ այնտեղ պահել»: Նա նաև հորդորում է արհեստականորեն լարվածություն չստեղծել, որ փոխադրիչները ստիպված լինեն իր նկատմամբ բռնի ուժ կիրառել՝ կամքին հակառակ դատարան փոխադրելու նպատակով:

Մեկնաբանություն
X