Հայաստանից հիվանդ երեխաներին որպես «մսացու» են ուղարկում սահման

Գայանե Ավետյանը ծնունդով Լեռնային Ղարաբաղից է, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, երեք տարի է ծառայում է Մատաղիսում։ Նա դիպուկահար է, վաշտի հրամանատար։

Նա հատուկ եկել է, հասել Երեւան իր դժգոհությունները հայտնելու, Սերժ Սարգսյանին ու բանակի ղեկավարությանը քննադատելու։ Ասում է, որ չի վախենում ճնշումներից, հետապնդումից։

«Երբ Պավելը յուրօնեց ՊՊԾ գունդը, եկա եւ հաց բերեցի Պավելին։ Դրանից հետո ես հայտնվեցի Օսիկյանի կաբինետում, որը հիմա կալանավայրերի վարչության պետն ա։ Ինձ տարան Վովա Գասպարյանի մոտ, Օսիկյանի մոտ, տարան նաեւ առանձին տեղ պահեցին»,- ասում է մեր զրուցակիցը։

Մեր հարցին, թե ճանաչե՞լ է Պավլիկ Մանուկյանին, Ժիրայր Սեֆիլյանին, «Սասնա ծռեր» խմբի անդամներին, Գայանե Ավետյանն արձագանքեց․ «Ես Պավլիկին չեմ ճանաչել, Ժիրայր Սեֆիլյանին ընդհանրապես չգիտեմ, բայց գիտեմ իր գործունեության մասին։ Բոլորի գործունեության մասին ես գիտեմ»։

Սերժ Սարգսյանի գործունեությունից, բանակում տիրող բարքերից դժգոհ Գայանե Ավետյանը մեզ հետ զրույցում շարունակում է ներկայացնել իրեն հուզող խնդիրները․ «Սերժ Սարգսյանն այսօր բանակը դարձրել է իր սեփականությունը։ Գնացել եմ Ջաբրայիլ, հրամանատարը մոտիկ ընկերս է՝ Արմեն Գյոզալյանը։ Ասում եմ, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ զինծառայության են ուղարկում հիվանդ երեխաների, նա ինձ ասում է՝ նորմալ է, եթե Հայաստանից երեխաների են ուղարկում, ուրեմն նրանք ընդամենը «մսացու» են, ունենք ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 7-րդ հոդվածի «գ» կետի պահանջներին համապատասխանող զինվորներ, մենք ոչինչ չենք կարող անել։ Ես հիմա հարց եմ ուղղում՝ բժշկական հանձնաժողովը, որ նայում է եւ իմանում, որ երեխան հարթաթաթություն ունի կամ 7-րդ հոդվածի «գ» կետի պահանջներին է համապատասխանում, ինչո՞ւ են այդ հիվանդ երեխաներին ուղարկում սահման։ ՀՀ նախագահը այսօրվա պատերազմական իրավիճակում մանիպուլյացիայի է ենթարկում բոլորին, նա կարող է մի փորձված գնդապետի հանի պաշտոնից, տեղը մեկ ուրիշի դնի։ Մարդը կարող է ծառայած լինել, փորձ ունենալ, բայց նրան հակա խոսելու համար հանեն, նույն րոպեին նրան համարեն հոգեկան հիվանդ»։

Մատաղիսի հրամանատար Հարություն Ամիրխանյանին, ըստ մեր զրուցակցի, հանել են պաշտոնից, տարել Հայաստանի մեկ այլ զորամասում նշանակել հրամանատար։
«Հարություն Ամիրխանյանին մենք շատ լավ գիտենք։ Քանի անգամ տագնապ է եղել, Ամիրխանյանը նույնիսկ զորամասում էլ չի եղել, չի էլ իմացել, թե ինչ բան է դիվերսիան։

Այդ մարդուն ոչ միայն պատասխանատվության չենթարկեցին, այլ նա մտավ ՀՀ նախագահի մոտ եւ մեդալով դուրս եկավ։ Ինչի՞ հիման վրա նա ստացավ այդ մեդալը եւ նշանակվեց երրորդ կորպուսի հրամանատար։ Կարող եմ ասել, որ Հայկ Ամիրխանյանը Սերժ Ազատի Սարգսյանի բարեկամն է։ Մատաղիսի մեկ այլ հրամանատարի՝ Գեւորգ Մանգասարյանին, հանեց, նշանակեց երկրորդ կորպուսի հրամանատար։ Բայց Մանգասարյան Գեւորգը նույնիսկ չգիտի, թե ինչ է դիրքը։ Իսկ էսօրվա հրամանատարի՝ Արմեն Գյոզալյանի մասին բան չեմ կարող ասել, որովհետեւ նա զինվորին հավասար դիրք է պահում։ Իսկ այն հրամանատարներին, որոնք օգտվել են զինվորների տուլիկներից, խաբել են նրանց ծնողներին, նրանց պետք է ենթարկել պատասխանատվության, ոչ թե տանել, նշանակել ինչ-որ մի կորպուսի հրամանատար։ Էդ հարցը տվեք նախագահին, թե ինչու է նման մարդկանց նշանակում հրամանատար։ Նա պաշտպանության նախարար է նշանակել Վիգեն Սարգսյանին, որն ընդհանրապես զենքից չի հասկանում։ Նշանակել է, որովհետեւ Վիգեն Սարգսյանը Սերժ Ազատի Սարգսյանի բարեկամն է։ Էդ ինչի՞ Բակո Սահակյանը զինվորի հետ հավասար գալիս-կանգնում է բլինդաժում տագնապի ժամանակ։ Բակո Սահակյանի տղան հիմա գտնվում է դիրքերում, իսկ Սերժ Սարգսյանն ընդհանրապես տեղեկություն չունի։ Վիգեն Սարգսյանը, որպես նախարար, մի անգամ եկե՞լ է, կանգնե՞լ է տագնապի ժամանակ։ Իսկ Լյովա Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը եկել են տագնապի ժամանակ, եկել է նաեւ Սեյրան Օհանյանը։ Իսկ Վիգեն Սարգսյանը գալիս է էն ժամանակ, երբ իրեն պետք է որպես նախարար երեւալ։ Մեզ էդպիսի նախարար պետք չէ»,-իր վրդովմունքն է հայտնում խմբագրություն այցելած Գայանե Ավետյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X