Մի՛ փորձեք նվաստ որակել կնոջը

Աշխարհաստեղծ օրվանից ի վեր մարդկությունը պայքարում է խտրականության դեմ՝ ռասայական, դասային, կրոնական, սեռային…

Թվում է՝ 21-րդ դարում այլեւս կայուն պետք է լինեն համամարդկային արժեքները, որոնց հիմքերի հիմքը մարդու իրավունքներն ու մեկնարկային հավասար հնարավորություններն են: Սրա վրա էլ խարսխվում է իրավական եւ սոցիալական պետությունը, որը հպարտորեն ամրագրված է ժամանակակից պետությունների սահմանադրությունների առաջին իսկ դրույթներում: Անհերքելի է այն փաստը, որ մենք տղամարդ կամ կին լինելուց առաջ մարդ ենք: Հասարակության մեջ կարեւոր են երկուստեք ե՛ւ կինը, ե՛ւ տղամարդը: Կին լինել չի նշանակում երջանիկ լինելու իրավունք չունենալ: Իսկ երջանիկ չի կարող լինել անազատ մարդը: Բարձրյալն ազատ ու աշխարհի հետ ներդաշնակ է ստեղծել մարդուն: Մարդն իր նմանի համար չպետք է ստեղծի խտրականության կապանքներ:

Սակայն կինն իր կյանքի ընթացքում անհաշիվ անգամներ է բախվում անարդար ու խտրական վերաբերմունքի: Ընդ որում՝ դա վերաբերում է անգամ ներարգանդային կյանքին: Խոսքը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին է, երբ արդեն իսկ այլոք (հիմնականում ընտանիքի արական սեռի անդամները) են որոշում խառնվել Աստծո գործերին ու կյանք ընդհատել:

Խոստովանենք, այնքան հաճախ ենք լսել հետեւյալ արտահայտությունը. «Ոչինչ, աղջիկ բերողը տղա էլ կբերի»: Դեռ մանկուց փոքրիկ թունավոր որդի նման աղջկա հոգում ներդրվում է այն միտքը, որ տղաները շատ հարցերում նախընտրելի են. տղան ցեղի շարունակողն է, օջախ ծխեցնողը: Հենց այդ որդն է, որ հետզհետե խժռում է աղջկա անհատականությունը՝ զրկելով սեփական կարծիքն ունենալու, արտահայտելու ոչ միայն հնարավորությունից, այլեւ ցանկությունից: Եվ սկսվում է արատավոր շրջանը՝ այն, ինչ կարելի է տղային, չի կարելի աղջկան: Դեռ մանկուց սա դրոշմվում է աղջկա գիտակցության մեջ եւ կանխորոշում նրա ճանապարհը: Խոսքը վերաբերում է ե՛ւ անձնական կյանքին, ե՛ւ մասնագիտության ընտրությանը, ե՛ւ ընտանիքում ունեցած դերին:
Կինը չի ունենում սեփական կարծիք․ եթե ունենում էլ է՝ երկնչում է այն հայտնել: Վարժվում է, որ այլոք իր փոխարեն որոշեն… Ու շղթայական ռեակցիա․ ինչպիսի մարդ պետք է դաստիարակի մայրը, ով օրվա մեծ մասը գերյալի պես պարփակված է չորս պատի մեջ, ով չունի որպես անհատականություն եւ մասնագետ կայանալու, իր աշխարհայացքն ընդլայնելու հնարավորություն: Ինչ արժեքներ պետք է ներարկի մանկան գիտակցության մեջ, երբ ինքն ունի խեղված ճակատագիր եւ գիտակցություն: Բնական է, որ անձը, ով սովոր է իր հոգում նսեմացնել, խեղդել սեփական հոգու պահանջմունքները, չի ունենա նաեւ սեփական իրավունքները պաշտպանելու կամք ու կորով: Երեխային դաստիարակող անձը պետք է լինի հեղինակություն: Իրավագիտակից ու օրինապահ քաղաքացի կրթելն անհնարին է, եթե մայրը որպես կին, անհատ ու մասնագետ կայացած չլինի, ում աչքերում կյանքը պահպանել է իր վառ գույներն ու հմայքը: Հասարակության խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կնոջ իրավունքներն ու հնարավորությունները կընկալվեն տղամարդուն համահավասար: Մինչդեռ երբեմն թվում է, թե ապրում ենք «ծուռ հայելիների» աշխարհում, ուր ճշմարտությունը, իրական պատկերներն աղավաղվում են:

Պատանի տարիքից տենդագին երազում էի աշխատել իրավական համակարգում: Ինձ թվում էր, թե դա կյանքում արդարությունը շատացնելու միջոց է, որում կհաջողեմ:
«Անկեղծ ասած՝ չէի ուզենա, որ իմ բաժնում աղջիկ աշխատեր»,- պետը սառը-անթափանց հայացքով նայում էր ինձ ու չէր տեսնում:

Այս կանխակալ վերաբերմունքը չէ՞ պատճառը, որ երբեմն կինը դառնում է սեռական ոտնձգությունների օբյեկտ: Որոշ կանայք լռում են ու համակերպվում, շատ կանայք ներքուստ ընդվզում են եւ հեռանում տվյալ միջավայրից, գերադասում մոռանալ սիրած մասնագիտության ու երազանքի մասին։ Բայց շարունակում են լռել, քանզի այդ մասին որեւէ մեկի հետ խոսելիս ակամա կվերապրես այդ զգացողությունը: Իսկ լռությունը վտանգավոր է: Հենց լռությունն է այն նպաստավոր միջավայրը, ուր միկրոբների պես շարունակ բազմանում են սխալ կարծրատիպերն ու անիրավությունը:

Դպրոցական էի, ընկերուհիս սիրահարվել էր, ու զգացմունքը փոխադարձ էր: Թվում է՝ ուրախանալու առիթ է, բայց նա տրտմել էր: «Զուր էլ սիրահարվել եմ… մեկ է՝ հայրս ում ասի, նրան էլ առնելու եմ»:
Այդպես էլ եղավ. «առավ» ուրիշի որոշումն իր աղջկական ուսերին: Վաղուց չեմ տեսել նրան: Տեսնես երջանի՞կ է…
Մեկ այլ համադասարանցի աղջիկ. «Հայրս խոսք է տվել տղայի հորը, ես նրա խոսքից ո՞նց դուրս գամ…»։
Փեսացուն, մեղմ ասած, անդուր էր. ողջ դասարանով խոսքներս մեկ արած՝ փորձում էինք տարհամոզել:

Հիմա 4 երեխա ունի: Ամեն առավոտ-երեկո տեսնում եմ, թե ինչպես է երեխաների հետ հապշտապ քայլքով գնում գոմ: Իսկ ամուսին կոչեցյալն իր կյանքն ունի. բոլորին ի տես ապրում է այլ կնոջ հետ եւ իր վաստակը նրան տալիս:
Շատ կանայք, գտնվելով անտանելի վիճակում, պարբերաբար ենթարկվելով բռնությունների եւ ստորացումների ամուսնու ու նրա ընտանիքի կողմից, այդուհանդերձ, խուսափում են ամուսնալուծվելուց, քանի որ գոյություն ունեն հասարակության չգրված պարտադրանք-օրենքներ:

Ամուսնացած ու այրիացած կանայք մնում են միայնակ՝ իրականության դեմհանդիման, նրանցից երես են թեքում անգամ հայրերն ու եղբայրները: Հաճախ սեւ աշխատանքով իսկ չեն կարողանում հոգալ ընտանիքի հոգսը, ի լրումն՝ արժանանում են խեթ կամ վավաշոտ հայացքների: Իսկ անձնական կյանքը նորոգելուն արգելք են հանդիսանում անգամ ամենահարազատ մարդիկ՝ սեփական երեխաները, որովհետեւ նրանք էլ դեռ մանկուց կլանել են միջավայրի խտրական վերաբերմունքը:

Մեծարման խոսքերը միայն տոների առթիվ չէ, որ պետք է հնչեն, իսկ պետական կառավարման համակարգում ընդգրկված լինեն ավելի շատ կանայք՝ իրենց գործի գիտակ ու համարձակ կանայք: Եվ այդ ընդգրկումը լինի ոչ թե արտերկրյա ինչ-ինչ կառույցներին ի տես, ոչ թե կրի դեկորատիվ բնույթ, այլ լինի բնական երեւույթ: Որ մեր հասարակության աչքն էլ սովորի տեսնել հայուհու նմանօրինակ կերպար, եւ նախապաշարմունքներն սկսեն նահանջել: Մեր իրականությունում էլ, անշուշտ, կան նման կանայք, սակայն նրանք ստիպված են լինում հաճախ նաեւ արհեստածին արգելքներ ու անջրպետներ հաղթահարել:

Վերջերս կանանց միամսյակի առթիվ համացանցում կարդացի գրողներից մեկի միտքն այն մասին, որ մոլորակի փրկության հույսը կանայք են: Իսկապես՝ եթե պետությունների մեծ մասը ղեկավարեին կանայք, այսքան աշխարհակործան պատերազմներ չէին լինի, քանզի ով, եթե ոչ կինը, գիտակցում է կյանքի արժեքը՝ իր ներսում փթթող ու Տիրոջ օրհնությամբ ծնվող մարդու կյանքի արժեքն ու այդ արժեքի գերակայությունը: Կանայք կոնֆլիկտային իրավիճակի դեպքում ավելի հակված են երկխոսության, ավելի հանդուրժող են:

Քավ լիցի, չեմ գերագնահատում կնոջն ու նրա նշանակությունը՝ ի հաշիվ եւ ի վնաս տղամարդու: Ավանդապահ հայ ընտանիքում տղամարդը հարգ կունենա, եւ հարկ է, որ ունենա իր ուրույն, անփոխարինելի տեղը: Բայց մի փորձեք նվաստ որակել կնոջը: Հայ կինը միշտ էլ առանձնացել է թե՛ իր բնատուր գեղեցկությամբ, թե՛ համարձակությամբ ու կամքով, թե՛ մայրական բացառիկ նկարագրով: Հիշենք Սոսեին, Սրբուհի Տյուսաբին, Սիրանույշին, Դ. Աբգարին, անապատում ուժասպառ մեջքներին մատյաններ կրող կանանց: Հայ կինը բնատուր ալմաստի նման հղկվելով՝ ձեռք է բերում նոր փայլ, նորովի արժեւորում իրեն ու շրջապատը՝ դույզն իսկ չնահանջելով հայուհու ավանդական նկարագրից:

Ես ուզում եմ, որ իմ պետությունը լինի իսկապես իրավական ու սոցիալական: Որ կինը կարողանա արժանապատիվ ապրել, լիարժեք իրականացնել կրթության, աշխատանքի իր անքակտելի իրավունքը, ինքնուրույն որոշի, թե ով կլինի իր ամուսինը, եւ թե քանի երեխա կունենա: Թվում է՝ պարզունակ պահանջմունքներ են, որոնց մասին խոսելն իսկ անհարմար է, բայց, ինչպես ասում են, իրականությունից չես փախչի: Աստված մեզ օժտեց բանականությամբ եւ սեփական կյանքը տնօրինելու կամք տվեց, ուստի տեր լինենք այդ թանկ շնորհին եւ ապրենք մեր մինուճար կյանքը՝ զերծ որեւէ խտրականությունից:

Նելլի ԲՐԱԳԻՆԱ Գավառի պետական համալսարանի ուսանողուհի

Մեկնաբանություն
X