Առևտրականները զենքերը վայր են դրել, բնակիչները դեռ սպասում են

Ֆիրդուսի շուկան դատարկ է, երբեմնի աշխուժությունն ու անցուդարձը դադարել են։ Այստեղ աշխատող նախկին առեւտրականներից ոմանք իրենց տաղավարների մոտ փոքրիկ թերթիկներ են փակցրել․ «Ես տեղավորվել եմ «Երեւան» տոնավաճառում», կամ՝ «Ապրանքի համար դիմել Սաքոյին» եւ՝ հեռախոսահամարը։ Մենք զանգահարեցինք Ֆիրդուսի մի քանի առեւտրականի՝ տեղեկանալու, թե ինչպես եւ որտեղ են տեղավորվել նրանք, նոր պայմաններից գո՞հ են։ Ոմանք պատասխանեցին, ոմանք էլ բարկացան, թե այդ էջը փակված է իրենց համար։ «Դեռ նոր ենք տեղափոխվել, չգիտենք ոնց կլինի»,- պատասխանեց նրանցից մեկը։

Ֆիրդուսի շուկան վայր դրեց «տոնավաճառի» կոչումը դեռ անցյալ ամիս։ Առեւտրականները տեւական ժամանակ բողոքում էին, նույնիսկ թույլ չէին տալիս, որ տեխնիկա մտնի տարածք։ Ֆիրդուսցիները ներկայացրել էին երկու ընկերությունների հետ իրենց կնքած պայմանագրերը, որոնցով մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 31-ը պետք է երկարաձգվեր նրանց տաղավարների վարձակալության ժամկետը, մինչեւ կորոշեին, թե ինչ են անում։ Բայց պարզվել էր, որ կառուցապատողն ու քաղաքապետարանի աշխատակիցները չեն ցանկանում սպասել մինչեւ տարեվերջ, անգամ մի քանի օր ժամանակ տալ եւ անցել էին գործի։ Քանդող բրիգադը մտել էր շուկա եւ սկսել ապամոնտաժել տաղավարները՝ չսպասելով անգամ, որ մարդիկ հավաքեն իրենց ապրանքը։

Շուկայի տարածքում գտնվող բնակելի շենքերին վաղ թե ուշ նույն ճակատագիրն է սպասվում․ ինչպես հիշում եք, 33-րդ թաղամասը կառավարությունը գերակա հանրային շահ էր ճանաչել դեռեւս 2007-ին։ Մենք հայտնել էինք, որ հնարավոր ներդրողների թվում կառավարությունը դիտարկում է «Էլիտ գրուպի» սեփականատեր, խոշոր կառուցապատող Արմեն Մկոյանին։ Երեկ բնակիչներից հետաքրքրվեցինք, թե արդյոք առեւտրականներին դուրս հանելուց հետո փոխհատուցման պայմանագրեր կնքելու առաջարկություններ չե՞ն եղել իրենց։ «Դեռ ոչ, բայց բոլորս էլ գիտենք, որ նույն ճակատագրին ենք արժանանալու»,- ասաց բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։ «Տարիներ առաջ էլ էին գալիս՝ փոխհատուցման մասին խոսում, ինչ-որ թվեր ասում, բայց ամբողջը՝ օդի մեջ։ Մենք, օրինակ, դեմ չէինք լինի, եթե էստեղ նոր շենք սարքեին, մեզ տուն տային, բայց մի քիչ էլ վախենում ենք, հենա՝ մեր տան կողքի սեփական տունը քանդեցին, որ հետո շենք սարքեն, տուն տան, մինչեւ հիմա շենք չկա։ Մեզ ասում են՝ 1 քառակուսի մետրը՝ 500-600 դոլար, բայց մենք էդ գումարով հետո ինչպե՞ս ենք տուն առնելու»,- զայրացավ կինը։ Վերջերս գրել էինք նաեւ, որ կառավարության աշխատակազմից Ֆիրդուսու բնակիչների հետ նրանց տների հարցով հանդիպում է եղել, սակայն մեզ հանդիպած բնակիչները տեղյակ չէին, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, նրանք սպասողական վիճակի մեջ են։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X