Առանց Ռուսաստանի եւ առանց արձանների

Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչը հայտարարել էր, որ Լենինի արձանները վերջնականապես կապամոնտաժվեն երկրի ամբողջ տարածքում, բացառությամբ այն տարածքների, որոնք ներկայումս գտնվում են ռուսական հսկողության տակ: Այս հայտարարությունը, ինչպես եւ սպասելի էր, ուկրաինական հասարակության մեջ բազմաթիվ քննարկումների առիթ տվեց, եւ մարդիկ հայտարարեցին, որ նման ապակոմունիստականացման ակցիաներով իշխանությունները իրական ռեֆորմներից են խուսափում եւ հասարակությանը հրամցնում իմիտացիաներ:

graniru.org կայքի մեկնաբան Վիտալի Պորտնիկովը անդրադարձել է խնդրին եւ կայքում հրապարակած հոդվածում քննության առել այն հարցը, թե ինչ են հասկանում Ուկրաինայում իրական ռեֆորմներ ասելով: Ըստ հեղինակի՝ այն ամենը, ինչը որ իրական է, կարող է կայանալ եւ արմատակալել միայն այն դեպքում, երբ հաղթահարվում է ինքնության նույնականացման ճգնաժամը, իրողություն, որը դարձել է նախկին խորհրդային երկրների ամենամեծ ցավը կոմունիզմի կրախից հետո: Այս տրամաբանությամբ անկարելի է իրական փոփոխությունների գնալ, եթե գլխիդ մեջ է արդեն աղբը նստած եւ արժեքները դու փոխում ես ըստ նպատակահարմարության: Չի կարող լինել իրական փոփոխություններ կամ իրական բարեփոխումներ Լենինի փողոցում կամ Ստալինի հրապարակում, չի կարող լինել նաեւ փոփոխություններ Պուտինի ծառուղում, եւ այս ամենը նույն հիմնական գիծն են ներկայացնում, որ ձգվում է Մագադանից մինչեւ Կովկաս: «Լենինը անցյալ չէ եւ այդ թեզով չի կարելի հանգստացնել ինքներս մեզ»,- նշում է Պորտնիկովը, այլ նաեւ մեր ներկան եւ եթե ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տասը տարիների ընթացքում Լենինի արձանը խորհրդանշում էր սնանկացած գաղափարախոսությունը, ապա սկսած երկու հազարականների սկզբներից, Լենինի արձանը դարձավ վերադարձող կայսերականության խորհրդանիշը, այսպես կոչված ռուսական աշխարհի սիմվոլներից մեկը: Իր հոդվածում Պորտնիկովն այն գաղափարն է տանում առաջ, որ փոփոխությունները պետք է սկսել հենց այդ ժառանգությունից ազատվելով եւ ապա միայն անցնել մյուս քայլերին:

Մեկնաբանություն
X