Ազգային մշակույթը հանրահռչակելու նոր ծրագիր է մշակվել. «Արար»

Տավուշի մարզի Բերդավան համայնքում օգոստոսի 20-ին կազդարարվի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Արար» ծրագրի մեկնարկը, որի նպատակն է ժողովրդական մշակութային-ստեղծագործական ոլորտների պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում: Ծրագիրը կենտրոնանալու է հիմնական մի քանի ոլորտների վրա՝ ազգագրական երգ ու պար, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, գորգագործություն, կարպետագործություն, ժանյակագործություն, ասեղնագործություն, խաչքարագործություն:

Ժողովրդական երգիչ, այժմ նաեւ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը, ով ակտիվորեն ներգրավված է այս ծրագրում, մեզ հետ զրույցում առանձնապես ընդգծեց դրա կարեւորությունը սահմանամերձ շրջաններում. «Արդեն մի քանի համայնքներում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ տվյալ բնակավայրերում կաշխատեն մասնագետներ, որոնք հենց այդ համայքներից են: Այսինքն՝ մենք այդ մասնագետներին ուղարկում ենք ոչ թե Երեւանից, այլ ընտրում ենք հենց այդ համայնքից: Եթե խնդիր կա վերապատրաստման, ապա այդ հարցում էլ կօգնենք՝ կբերենք Երեւան կամ Երեւանից համապատասխան մասնագետի ժամանակավոր կուղարկենք այդտեղ: Դա կլինի անվճար, իսկ մասնագետներին հիմնականում մենք կվարձատրենք, այսինքն՝ նախարարությունը: Այդ հնարավորությունը կփորձենք ստեղծել բոլոր համայնքներում, որպեսզի մեր ժողովրդին հասանելի լինի այդ ամեն ինչը»:
Ինչպես նշեց Արսեն Գրիգորյանը, նախատեսում են, որ ծրագիրը լինի տեւական, մեկնարկը կտրվի ամսի 20-ին՝ Բերդավանից։ «Դա կլինի շարունակական ծրագիր, եւ կփորձենք ծածկել ամբողջ հանրապետության տարածքը»,- ասաց նա ու հավելեց, որ այդ օրն էլ կհայտարարեն մյուս բոլոր բնակավայրերի անունները, որոնք այս ծրագրի մեջ են եւ համագործակցելու են իրենց հետ: «Ինչու ենք ուզում հենց համայնքի ներսից ընտրել այդ մասնագետներին, որովհետեւ այս ծրագրի նպատակների մեջ են մշակույթի զարգացումը, պահպանումը, հանրահռչակումը, ինչպես նաեւ ուզում ենք խթանել տվյալ համայնքներում, ովքեր ժողովրդական արվեստի հետ կապ ունեն, զբաղվեն իրենց մասնագիտությամբ, դրանով միգուցե կանխենք նաեւ արտագաղթը: Եվ մի ուրախացնող բան պետք է ասեմ՝ արդեն կանխել ենք մեկ դեպք․ Բերդավանում երգի մասնագետ գտանք, ով արդեն պատրաստվում էր Ռուսաստան մեկնել, բայց երբ իմացավ, որ այս հնարավորությունը կստեղծենք՝ աշխատանք կլինի, եւ ինքը կարարի հենց իր գյուղում, ասաց՝ էլ չեմ գնա», -իր խոսքում շեշտեց Գրիգորյանը:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X