Այսուհետ՝ Խորովածի միջազգային փառատոն

2009 թվականից սկսած Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ և Ախթալայի միջնադարյան ամրոցի տարածքում արդեն իններորդ անգամ ս.թ. օգոստոսի 20-ին կանցկացվի Խորովածի և արվեստների փառատոնը:

Փառատոնը նախաձեռնելիս կազմակերպիչները «Հայ ավանդական խոհարարության զարգացման և պահպանման», «Հայաստանի Երիտասարդ Կանանց» ասոցացիաները, ինչպես նաև Ախթալայի քաղաքապետարանը նպատակ ունեին նպաստել՝

ա) հայկական ավանդական խոհանոցի և արվեստների տարածմանը մարզերում

բ) տարածքների համաչափ զարգացմանը,

գ) Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և Ախթալայի զբոսաշրջային գրավչության ներկայացմանը տեղական և միջազգային հարթակներում

դ) Ախթալայում և հարակից բնակավայրերում զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը:

Ինը տարի անց կարող ենք արձանագրել, որ կազմակերպիչները հիմնականում հասել են իրենց նպատակներին: Փառատոնը ընդգրկվել է ՀՀ կառավարության «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային ծրագրի մեջ, որի արդյունքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, նրա կազմում գործող Զբոսաշրջության կոմիտեի (նախկինում վարչություն) սկզբնավոիման օրվանից ի վեր ամեն տարի ֆինանսական և այլ բնույթի աջակցություն է ցուցաբերել փառատոնի կազմակերպմանը և անցկացմանը:

Սկսած 2011թվականից, երբ Լոռու մարզպետ նշանակվեց Ա.Նալբանդյանը, Լոռու մարզպետարանի ստորաբաժանումները և մարզային տարբեր կառույցներ ևս ակտիվ ներգրավվել են փառատոնի կազմակերպման աշխատանքներին: 2012-ից առ այսօր մեր թիմին է միացել հանրահայտ «The Beautified project» խումբը և նրա հիմնադիր Անդրե Սիմոնյանը, որը պատասխանատու է ծրագրի մշակութային բաղադրիչի համար: Փառատոնին մասնակցել են խոհարարներ տարբեր երկրներից, և եթե առաջին տարին մասնակցում էր ընդամենը ութ թիմ և ոչ մի թիմ Ախթալայից, ապա այս տարի մասնակցելու է շուրջ 35 թիմ, որոնցից 12-ը Ախթալայից: Եթե առաջին փառատոնի ժամանակ մասնակցել է մոտ հազար զբոսաշրջիկ, ապա այս տարի ակնկալվող այցելուների թիվը, ըստ կանխատեսումների, կլինի 25-30.000 մարդ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից, Վրաստանից, ՌԴ-ից, Եվրոպայից և այլն:

Ախթալայի Խորովածի և Արվեստների փառատոնը այցելուների քանակով ամենազանգվածային սննդի փառատոնն է ԱՊՀ տարածքում և ամենամարդաշատ խորովածի փառատոնը՝ Եվրոպայում: Տոլմայի, գինու և այլ սննդային փառատոնների հետ միասին, այն դարձել է Հայաստանում խոհարարական և միջոցառումային տուրիզմի յուրօրինակ այցեքարտերից մեկը, որին անդրադարձել են հեղինակավոր ամերիկյան, եվրոպական, ռուսական, վրացական և այլ երկրների լրատվամիջոցներ՝ յուրօրինակ գովազդ ապահովելով ողջ Հայաստանին:

Ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի դիտարկումների՝ նմանատիպ փառատոների ժամանակ Հայաստան այցելող միջին օրեկան զբոսարջիկների թիվը ավելանում է 10-15%-ով: Փառատոնը Հայաստանի եզակի միջոցառումներից է, որի համար հատուկ տուրփաթեթներ են վաճառվում ՌԴ-ում, Վրաստանում, Բելառուուսում, Ուկրաինայում և այլուր, իսկ Վանաձորից մինչև Նոյեմբերյան փառատոնի օրերին հյուրանոցները և հյուրատները ունենում են 100%-անոց զբաղվածություն: Կապված Ախթալայում զբոսաշրջիկների թվի բազմապատիկ ավելացման հետ՝ փառատոնի կազմակերպիչներից ՀԵԿԱ-ն Ախթալայում հիմնել է Համայնքային և զբոսաշրջային զարգացման «Նուռիկ» բազմաֆունկցիոնալ կենտրոնը, իսկ հարակից բնակավայրերում բազմապատիկ աճել են զբոսաշրջային ենթակառույցները: Փառատոնին տարբեր տարիների հյուրընկալվել են ԱՄն, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Լիտվայի, Վրաստանի և այլ երկրների դեսպանները, հայտնի մարզիկներ Խորեն Հովհաննիսյանը, Յուրիկ Սարգսյանը, Վախթանգ Դարչինյանը, Թենգիզ Սուլաքվելիձեն, Օթար Գաբելիան և այլոք: Փառատոնի մշակութային մասի սպասված մասնակիցներն են Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրրո), Մկրտիչ Մկրտչյանը, «Կարին», «Հորովել», «Լազուր» և այլ համույթներ, Վրաստանի «Հայարտուն» կենտրոնի սաները և ուրիշներ: Այս տարի մշակութային մասի ցանկալի հյուրերն են, ի թիվս նշված անհատների և խմբերի, նաև պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլը, լոնդոնաբնակ կատակերգու դերասան Գեւ Օրկյանը, որին Անգլիայի արքայազն Չարլզը համարել է 21-րդ դարի հանճար, և որը ավստրալաբնակ Էնդրյու Սայմոնի (Սիմոնյան ) հետ ֆիլմ են նկարահանում Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին, որն այնուհետ կներկայացվի աշխարհի առաջատար հեռուստաընկերություններով:

Տարեսկզբին օգոստոսի նախավերջին կիրակին մեր կողմից հռչակվել է, որպես Խորովածի միջազգային օր, և առաջին տարին է, որ Ախթալայում կանցկացվի, որպես խորովածի միջազգային օր:

Հաշվի առնելով միջոցառման մասնակիցների թիվը՝ կազմակերպիչներս որոշել ենք, հաջորդ ,10-րդ հոբելյանական փառատոնից սկսած անցկացման վայրը տեղափոխել Ախթալայի այլ, ավելի ընդարձակ վայր և փառատոնն անցկացնել երկու օր: Փառատոնի մեկնարկը ս.թ. օգոստոսի 20-ին է, ժամը 13:00-ին:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ

Սեդրակ Մամուլյան

Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցացիայի նախագահ

Լիլիթ Ասատրյան

,,The Beautified project,, խմբի հիմնադիր

Անդրե Սիմոնյան

ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնքապետ

Հայկ Խաչիկյան

Մեկնաբանություն
X