Կրթության տեսչությունը կլուծարվի, պետի պաշտոնը «օդից կախ է»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանին եւ խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառը, ըստ օրաթերթի, այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել, իսկ Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու։

Մինչդեռ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր կամքով է արձակուրդի գնացել, իսկ Լևոն Մկրտչյանի հետ շաբաթը մեկ, երկու անգամ հանդիպումներ ունեցել է․ «Ես բացարձակապես չեմ լսել, որ նախարարը դժգոհություն հայտնի տեսչության աշխատանքից։ Նման բան չի եղել, որ նա ինձ զգուշացնի, նկատողություն տա, նման բան չկա»։ Աշխատանքից ազատվելու մասին լուրերին Արամ Կարապետյանը պատասխանեց․ «Տեսչությունները վերակազմակերպվում են, դառնում են տեսչական մարմիններ, հերթը մեր տեսչությանն է․ պետք է վերակազմակերպվի։ Եթե տեսչության ղեկավար մարմինը նախարարն է, ապա տեսչական մարմնի ղեկավարը վարչապետն է։ Այսինքն՝ դուրս է գալիս կրթության նախարարության կառուցվածքից, դառնում է կառավարության ենթակայության, վարչապետի ենթակայության, նշանակողն էլ վարչապետն է»։

-Այսինքն՝ հնարավոր է ձեր փոխարեն մեկ ուրիշին նշանակեն։

-Վարչապետը նոր մոտեցումներ ունի, շատ հավանական է, որ վերանայի կադրերը։ Եթե ուշադիր եք, նրա նշանակած գրեթե բոլոր կադրերն էլ երիտասարդ են, դա ողջունելի է։Եթե տեսչությունը վերակազմակերպվի, ես՝ որպես քաղծառայող, որպես պետական լիազոր մարմին, ուրիշ աշխատողների հետ ազատվում ենք և գնում ենք քաղծառայության ռեզերվ։ Նախարարի հրամանով բոլորս ազատվում ենք, գնում ենք ռեզերվ։ Վարչապետը ինքը կնշանակի տեսչության պետ։ Օրենք կա տեսչական մարմինների մասին։

-Սպասողական վիճակո՞ւմ եք, պարոն Կարապետյան։

-Ես նորից եմ ասում՝ դա վարչապետի որոշումն է, եթե նա համաձայն է, իր սրտով է, կվերանշանակվեմ, եթե ոչ, կնշանակվի այն մարդը, որին որ կցանկանա վարչապետը։ Ես 60 անց մարդ եմ, 7 տարի տեսչության պետ եմ, շատ լավ տեսչական խումբ ենք ստեղծել, շատ հետաքրքիր աշխատանքներ ենք կատարել, մեր աշխատանքները եղել են պարզ։ Հիմա եկել է օրը նոր բարեփոխումների։ Վերջերս նշանակվեց բնապահպանության տեսչության պետը, աշխատանքի և առողջապահության տեսչությունների տեսչական մարմինների ղեկավարները, հերթով գալիս է, հաջորդը, կարծեմ, մեր տեսչության լուծարման հերթն է։ Օրենքով էլ մինչև այս տարվա ավարտը բոլոր տեսչությունները պետք է լուծարվեն և վերածվեն տեսչական մարմինների։19 տեսչությունից մնում է 6-7 տեսչություն։

-Իսկ դժգոհություններ Լևոն Մկրտչյանի կողմից, փաստորեն, չեն եղել։

-Բացարձակապես, կարող եք նախարարին էլ հարցնել։

Հ․Գ1․Կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակում որոշ նախարարություններին կից գործող տեսչությունները մինչև տարեվերջ վերակազմավորվում են ու դառնում տեսչական մարմիններ, որոնք անցնում են վարչապետի հսկողության տակ։ Վերջինս էլ նշանակում և ազատում է տեսչական մարմնի ղեկավարին՝ Խորհրդի ներկայությամբ։

Հ.Գ2.ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը տարբեր տարիների եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Լոռու մարզի տարածքային տեսչության պետ, Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալ, կրթության տեսչության պետ, այնուհետև՝ կրթության վարչության պետ։2000 թվականից սկսած՝ կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել, որից հետո՝ կառավարության աշխատակազմ՝ սոցիալական վարչության պետ է նշանակվել:

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X