«Իսլամական պետությունը» անվտանգության վակուումի ծնունդ է․ Սուրեն Սարգսյան

Երեկ Բարսելոնայի Լա Ռամբա մարդաշատ փողոցում, որը տեղացիների եւ զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, բեռնատարի վարորդը մեքենան միտումնավոր մխրճել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով 14 մարդ մահացել է, 100-ը՝ վնասվածքներ ստացել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» (ԻՊ)։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ զրույցում նկատեցինք, որ մոտ երկու տարի առաջ ահաբեկչություն եղավ նաեւ Փարիզում։ Ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել այս ահաբեկչություններին։

««Իսլամական պետությունը» բազմիցս հայտարարել է, որ ամբողջ Եվրոպան, ԱՄՆ-ն եւ առաջադեմ աշխարհը չեն կարող պայքարել իր դեմ, այսինքն՝ ծայրահեղական, իսլամիստական տեռորիստական կազմակերպությունը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին, Եվրոպային եւ ողջ առաջադեմ մարդկությանը։ Եվ այս պետությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պաշտպանեն իրենց տեռորիստական այդ տեսակի ակտերից։

Ժամանակին տեռորիստները իրենց ձեռքն էին վերցնում զենք-զինամթերք եւ փորձում էին այդ ճանապարհով իրականացնել ահաբեկչություն։ Այս պահին, երբ եվրոպական տարբեր երկրներում խստացվել են զենք ձեռք բերելու հնարավորությունները, ընդունվել են տարբեր օրենքներ եւ իրավական ակտեր, իսլամիստները այլ միջոցներ են գտնում ահաբեկչություն իրականացնելու համար։ Այդ միջոցներից մեկն էլ մեքենայով ամբոխի մեջ մխրճվելն է մարդաշատ կենտրոններում։ Եվ դա տեռորիստական ակտերի կազմակերպման եւ իրականացման նոր մեթոդ է, նոր ձեւ է, եւ այն իրականացվում է առանց զենքի եւ պայթուցիկների»,- ասաց քաղաքագետը։

Նրա դիտարկմամբ՝ փախստականների ալիքը Մերձավոր եւ Միջին Արեւելքից, Արաբական երկրներից դեպի եվրոպական երկրներ այնքան հզոր եւ մեծ է եղել, իսլամին դավանողներն այնքան շատ են, որ չափազանց բարդ է նրանց վերահսկողության ներքո պահելը։ Եվ, ըստ մեր զրուցակցի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած սահմանափակումները, որոնք վերաբերում են ԱՄՆ մուտք գործելուն, դառնում են ընդունելի, քանի որ դա անվտանգության խնդրին է առնչվում, եւ այդ անվտանգության խնդիրը լուծվում է ծայրահեղականների՝ երկիր մուտք գործելու արգելքով։
Ո՞րն է ելքը։

«Պետք է համընդհանուր պայքար մղվի «Իսլամական պետության» դեմ, որն այսօր աշխարհում գործող ամենաուժեղ տեռորիստական կազմակերպությունն է։ Այն ունի բավականին մեծ ու ազդեցիկ ցանց։ Պայքարը պետք է մղվի ամբողջ առաջադեմ մարդկության կողմից եւ լինի անողոք։ Այդ առումով ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն մի կողմ պետք է դնեն իրենց ոչ բարիդրացիական հարաբերությունները եւ պայքարեն համընդհանուր վտանգի դեմ։ Դա մի ազդակ է, որ պետք է պայքարել այդ կազմակերպության դեմ։ Չմոռանանք, որ այդ կազմակերպությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ արաբական աշխարհում, Մերձավոր եւ Միջին Արեւլեքում տեղի ունեցան «արաբական գարունները», որոնց արդյունքում ռեժիմները տարբեր երկրներում տապալվեցին, առաջացավ անվտանգության յուրահատուկ վակուում։ Այդ ժամանակ էլ ձեւավորվեց «Իսլամական պետությունը», ինչը մեծ հաշվով տապալված քաղաքակրթության հետեւանք է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություն
X