Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում են Սիրիայում ապաէսկալացիոն գոտիների սահմանները

Ամերիկացի եւ ռուս զինվորականների պատվիրակությունները ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Վալերի Գերասիմովի եւ ԱՄՆ ՊՆ գեներալ Ջոզեֆ Դանֆորդի գլխավորությամբ հանդիպել են Թուրքիայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման՝ կողմերը կքննարկեն Սիրիայում ապաէսկալացիոն գոտիների սահմանագծման հետ կապված հարցերը: Haberturk-ն էլ հավելում է, որ կքննարկվեն նաեւ հինգ ապաէսկալացիոն գոտիներում զորակազմերի տեղակայման հարցերը: Թուրքական պարբերականը նշում է, որ սեփական դիվանագիտական աղբյուրները փոխանցել են, որ արդեն հայտնի է, որ Իդլիբում տեղակայվելու է թուրքական զորակազմ, ռուսական զորակազմ կտեղակայվի ամենայն հավանականությամբ Դամասկոսի շրջակայքում, իրանական զորակազմը կգտնվի Համայում, իսկ հորդանանյան եւ ամերիկյան զորակազմերը՝ Սիրիայի հարավային շրջաններում ստեղծված ապաէսկալացիոն գոտիներում: ՌԻԱ Նովոստին էլ նշում է, որ կքննարկվի նաեւ «Ջըբհատ ան Նուսրա» խմբավորումը համընդհանուր կերպով ահաբեկչական ճանաչելու մասին հարցը, ինչպես նաեւ սիրիական քրդերի խմբավորումների եւ ուժերի՝ Իդլիբում գտնվելու հարցը, քանի որ դրանք ահաբեկչական են համարվում Թուրքիայի կողմից: Նշենք որ սահմանագծման հետ կապված արդեն իր տեսակետն արտահայտել է պաշտոնական Թեհրանը՝ անցած շաբաթ Իսլամական Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Մուհամմադ Բաքերիի՝ Անկարա կատարած այցի ընթացքում, ինչը հատկապես կարեւոր է այնքանով, որ առաջին դեպքն է որ Իրանն ու Թուրքիան նման բարձր մակարդակի ռազմական շփումներ են ունենում:

Մեկնաբանություն
X