Չաշխատողից ի՞նչ պահանջես

Երեկ «Ելք» դաշինքի անդամներից մեկը բողոքում էր․ ամբողջ օրը վազվզում ենք, չարչարվում, մեկս՝ Խոսրովի անտառ, մյուսս՝ բնակչի բողոք, երրորդը՝ նոր օրենսդրական նախաձեռնություն, օրնիբուն աշխատում ենք, ու այսքանից հետո ամբողջ օրը մեզ քննադատում են, վերջին խոսքերն են ասում մեր հասցեին։ Բնական է, որ ոչինչ չանողը շահում է։ Այն բոլոր կառույցներն ու մարմինները, որոնք չեն աշխատում, քննադատության էլ չեն արժանանում․ ճահճի, անշարժության, հանգուցյալի ի՞նչը քննադատես։ Բացի այդ՝ երբ խոսում էին «մեկ կամ միակ» ընդդիմություն դառնալու մասին, պետք է հասկանային, որ ընդդիմադիր դաշտը գրավելու պարագայում մեծանալու է իրենց պատասխանատվության աստիճանը, մյուսների «բեռը» դրվելու է իրենց ուսերին, եւ այն, ինչ ժամանակին պահանջում էին տասը տարբեր կուսակցություններից, այսուհետ պահանջելու են իրենցից՝ միակից։ Իսկ անապահով, դժգոհ, չարացած ու չարքաշ հասարակությունում այդ պահանջները բյուր են լինելու եւ հիմնականում՝ դժվար լուծելի։ Արդյունքում մարդիկ կարող են իրենց մեղադրել ոչ միայն ընդդիմության իրավասության ենթակա հարցերը չլուծելու՝ պասիվության, հարցեր չբարձրացնելու, թերի օրենսդրական աշխատանքի համար, այլեւ բոլոր համաշխարհային մեղքերի՝ սկսած բնական աղետներից, վերջացրած արտագաղթով ու աշխատատեղերի բացակայությամբ։ Ի դեպ, նույն տրամաբանությունն է գործում ամենուր, անգամ լրատվական դաշտում։ Ոչ մի սուր եւ օրախնդիր հրապարակում չանող, պետական կառույցների հետ սերտորեն աշխատող, պաշտոնական հաղորդագրություններից դուրս չեկող լրատվամիջոցներին քննադատող, պահանջներ ներկայացնող էլ չկա։ Պահանջն ու դժգոհությունն ուղղվում են կենսական հարցեր բարձրացնող, հասարակության համար աշխատող, կարեւոր թեմաներին անդրադարձող ԶԼՄ-ներին։

Մեկնաբանություն
X